ՀՀ իշխանությունները որոշել են եթերազրկել ոչ միայն ռուսական, այլև հայկական հեռուստաալիքները. Աղասի Ենոքյան

ՀՀ իշխանությունները որոշել են եթերազրկել ոչ միայն ռուսական, այլև հայկական հեռուստաալիքները. Աղասի Ենոքյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ռուսական հեռուստաալիքները կարելի էր անջատել, եթե տեղական հեռուստատեսությունը մատուցեր հարուստ լրատվություն, որակյալ ժամանցային հաղորդումներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից ռուսական հեռուստաալիքները փակելու նախաձեռնությանը և բացատրեց, թե ինչու էր նախկինում կողմ եղել նախաձեռնությանը, իսկ հիմա՝ դեմ:

«Հայաստանի իշխանությունները որոշել են եթերազրկել նաև այն հայկական հեռուստաալիքները, որոնք ինչ-որ չափով բազմակարծություն են ապահովում եթերում։ Եթե դրան գումարենք ռուսական ալիքների խնդիրը, ապա շատ շուտով մեր եթերում կունենանք մի քանի Հ1-ներ, որոնք արդեն ոչ մի քանի ալիքներով կտարածեն այնպիսի ռեպորտաժներ, ինչպիսին Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի վերջերս սփռած «լուրն» էր, այլև միջազգային քաղաքականությունը կներկայացնեն միակողմանի։ Միգուցե մի փոքր չափազանցնում եմ, բայց Կիմ Չեն Իրի պրոպագանդայի մաս կազմող՝ դեպի Արեգակ կորեացի տիեզերագնացների հաջող թռիչքի նման «աննախադեպ» լուրեր պետք է սպասել այդ դեպքում մեր եթերում»,-նշեց քաղաքագետը։

-Պարոն ենոքյան, Դուք վերջերս հանդես եկաք ՀՀ իշխանությունների կողմից ռուսական հեռուստաալիքները փակելու նախաձեռնության դեմ, մինչդեռ նախկինում ինքներդ եք քննադատել Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը։

– Եկեք երեք փաստ ֆիքսենք․ նախ, ես հանդես եմ եկել որպես անհատ, էքսպերտ, ինչպես կուզեք կոչեք, բայց ոչ պետական պաշտոնյա, երկրորդ. ես հանդես չեմ եկել այդ ալիքները փակելու իմպերատիվ պահանջով, բայց միշտ պնդել եմ, որ ռուսական հեռուստաալիքները ՌԴ պաշտոնական քարոզչության մաս են, և երրորդ՝ ես հիմա էլ եմ պնդում, որ ռուսական հեռուստաալիքները ՌԴ պաշտոնական քարոզչության մաս են կազմում։

-Ուրեմն ի՞նչ փոխվեց Ձեր մոտեցումներում։

– Շատ բան փոխվեց։ Ռուսական հեռուստաալիքները կարելի էր անջատել, եթե տեղական հեռուստատեսությունը մատուցեր հարուստ լրատվություն, որակյալ ժամանցային հաղորդումներ։ Ժամանակին այդ միտումը կար, բայց դեռ այդ մակարդակի չենք հասել, ավելին՝ կա լուրջ հետընթաց՝ կապված ոչ միայն քաղաքականության, այլև տնտեսության անկման՝ գովազդային միջոցների նվազման հետ։ Պետական և պետականամետ ալիքները, որոնք ունեն ամենամեծ սփռվածությունը, պրիմիտիվ քարոզչական գործիքներ են, ժամանցային հաղորդումները լռվել-մնացել են նույն սյուժեներով ու նույն դերասաններով սերիալների մակարդակում, և ռուսական ալիքների սփռումը դադարեցնելը մեզ կզրկի և ավելի լայն ու ընդգրկուն լուրեր ստանալու հնարավորությունից, և էապես կաղքատացնի մեր կողմից դիտվող որակյալ հաղորդումների ցանկը։

Սակայն ամենակարևորը դեռ առջևում է՝ ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունները որոշել են եթերազրկվել նաև այն հայկական հեռուստաալիքները, որոնք ինչ-որ չափով բազմակարծություն են ապահովում եթերում։ Եթե դրան գումարենք ռուսական ալիքների խնդիրը, ապա շատ շուտով մեր եթերում կունենանք մի քանի Հ1-ներ, որոնք արդեն ոչ մի քանի ալիքներով կտարածեն այնպիսի ռեպորտաժներ, ինչպիսին Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի վերջերս սփռած «լուրն» էր, այլև միջազգային քաղաքականությունը կներկայացնեն միակողմանի։ Միգուցե մի փոքր չափազանցնում եմ, բայց Կիմ Չեն Ինի պրոպագանդայի մաս կազմող՝ դեպի Արեգակ կորեացի տիեզերագնացների հաջող թռիչքի նման «աննախադեպ» լուրեր պետք է սպասել այդ դեպքում մեր եթերում։

-Այսինքն՝ խնդիրը զուտ լսարանի՞ն է վերաբերում, չկա՞ այստեղ հակառուսական տարր։

-Իհարկե կա։ Մեր «հակառուսականությունը» իրականում ֆանֆարոնություն է, Հայաստանի քաղաքականությունը երբեք այսքան պրոռուսական չի եղել։ Ռուսաստանին այսպիսի կսմիթը շատ նման է այնպիսի շոուներին, ինչպես Խաչատուրովին հետ կանչելն էր կամ Պուտինին օդանավակայանում չդիմավորելը, որոնք ամենևին չեն ավելացնում Հայաստանի սուվերենությունը, իսկ, այ, Ռուսաստանին դուր գալու համար հայկական զորքը Սիրիա ուղարկելը զգալիորեն սպառնում է մեր անվտանգությանն ու սուվերենությանը։

Ուրախ եմ, որ այս հարցը տվեցիք, ուրեմն թույլ տվեք մի քիչ ծավալվեմ, մանավանդ, որ վաղուց չեմ խոսել վարվող արտաքին քաղաքականության մասին։ Անվտանգության բնագավառը այս կարգի դիլետանտիզմներ չի հանդուրժում։ Որքան էլ որպես տաֆտալոգիա հնչի, Հայաստանի արտաքին քաղաքականության իմաստը պետք է լինի Հայաստանի անվտանգության ամրապնդումը, և չի կարող լինել ինքնանպատակ «հակառուսականություն», «հակաամերիկանիզմ»։ Անգամ «հակաթուրքականությունը» չի կարող լինել ինքնանպատակ՝ այն պետք է ծառայի Հայաստանի ազգային անվտանգությանը։ Դասագրքային փաստ է, որ պետությունները պետք է պատրաստ լինեն արտաքին ուժերին զիջումների բոլոր հարցերում, բացի ամենաէականներից։ Իսկ Հայաստանի դեպքում հակառակն է՝ իշխանությունները պիժոնություն են անում Ռուսաստանի հետ հարաբերություններում, շոուներ են անում, մինչդեռ հիմնական հարցերում հսկայական զիջումների են գնում։

Միաժամանակ, փոքր երկրների սուվերենության հիմնական գործոնը բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է։ Այժմ Հայաստանը զրոյացրել է ԱՄՆ հետ հարաբերությունները, ԵՄ հետ հարաբերություններում նախկին ձեռքբերումները անխնա վատնել է, Իրանը արդեն սրանց լուրջ չի ընդունում։ «Նոր Հայաստանը» ակամա հայտնվել է Ռուսաստանի աներկբա ազդեցության տակ, այս տեսանկյանից եմ ասում, որ մեր արտաքին քաղաքականությունն այժմ ակամայից, անկախ իշխանությունների ցանկություններից, անգամ՝ ի հեճուկս դրանց, աննախադեպ պրոռուսական է դարձել անկախություն ձեռք բերելուց ի վեր, և այս հանգամանքներում «հակառուսականությունը» պարզապես արկածախնդրություն է, շոու, որը վտանգում է մեր ազգային անվտանգությունը։ Եթե ցանկանում են սուվերենությունն ավելացնել, պետք է անմիջապես, անհապաղ ձեռնամուխ լինեն բազմակողմանի կապերի նախ՝ վերականգնմանը, ապա՝ զարգացմանը, և ոչ թե իրենց «թավշյան» ամենուր, անիմաստ թափահարեն։

Ավելին՝ միջազգային հարաբերությունների ներկա ժամանակաշրջանում, երբ լիբերալիզմը նահանջում անխնա հարձակվող Realpolitik-ի առաջ, երբ ֆուկույամական «Պատմության ավարտի» ժամանակաշրջանը ավարտվում է և փոխարինվում է կոշտ հաշվարկի և ազդեցության գոտիների բաժանման ժամանակաշրջանով, մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությունն առնվազն ադեկվատ չէ։

Կներեք, որ շատ գլոբալից եկա, սակայն Ռուսաստանն արդեն հայտնել է իր մտահոգությունը հեռուստաալիքների փակման կապակցությամբ, և այս միտումը շարունակելն առնվազն անպատասխանատու քաղաքականություն կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում