Իշխանությունները նոր «Սիլվա Համբարձումյան» են գտել՝ այս անգամ ընդդեմ Հրայր Թովմասյանի

Իշխանությունները նոր «Սիլվա Համբարձումյան» են գտել՝ այս անգամ ընդդեմ Հրայր Թովմասյանի

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպած արշավը, որը բացի քաղաքական սուր գնահատականներից ու քարոզչական թեզերի առատ շրջանառությունից ուղեկցվում է նաև ՍԴ նախագահի մտերիմների ձերբակալություններով, քրեական հետապնդմամբ, խուզարկություններով ու ճնշման տարատեսակ այլ եղանակներով, հետզհետե բացահայտում է նոր հանգամանքներ, որոնք էլ անհեթեթ վիճակում են դնում նրա դեմ բռնաճնշումներ սկսած Փաշինյանի իշխանությանը։ Պարզվում է՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար իշխանությունները ստիպված են եղել գնալ վաղուց փորձված ճանապարհով։ Նրանք գտել են հերթական «Սիլվա Համբարձումյանին», որն այս պարագայում Ալվարդ Մելքոնյան է կոչվում:

Ալվարդ Մելքոնյանը նախկին նոտար է, որը, ըստ մամուլի, հայտնի է «թալանչի Ալվարդ» անունով: Խոսքն այն նոտարի մասին է, որին նախարար եղած ժամանակ Թովմասյանը հեռացրել է պաշտոնից՝ ՀՔԾ այն ժամանակվա պետի միջնորդության և մի շարք ապօրինություններ թույլ տալու հետևանքով: Իսկ պատճառն այն է, որ Կենտրոնի նոտար Ալվարդ Մելքոնյանը «հաջողացրել» էր Երևանի Արամի և Բուզանդ փողոցներում կառուցված շենքերի բնակարանները միանգամից վաճառել երկու-երեք քաղաքացիների։ Արդյունքում, 400 հարյուրից ավելի ընտանիք մնացել էր անօթևան:

2012թ. լրահոսից պարզ է դառնում, որ մի շարք քաղաքացիներ բողոք էին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ: «Արամի և Բուզանդի փողոցների նախկին բնակիչները պնդում էին, որ նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի ձեռքով վաճառվել է մի քանի անձանց»:

Մինչ Նոտարի գործունեությունը կասեցնելու պահանջով դատարան դիմելը՝ Հրայր Թովմասյանի՝ 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ: Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կարգապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ:

Թե ինչպես է իր դեմ կարգապահական վարույթ հարուցելու մասին լուրն այն ժամանակ ընդունել նոտար Ալվարդ Մելքոնյանը, շատերին էր ապշեցրել։ Տիկինը, անգամ հարկ չի համարել քիչ թե շատ տրամաբանական բացատրություն գտնել իր ակնհայտ ապօրինի գործողություններին՝ նախընտրելով փոխարենը աջ ու ձախ վիրավորել իրեն այդ հարցով դիմող լրագրողներին ու իր իսկ կողմից խաբված քաղաքացիներին։

Ինչևէ, 2013 թվականին Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները կասեցվել են։ Բայց, պարզվում է, տիկինը տարիներ շարունակ մտքում պահել է Հրայր Թովմասյանին վրեժխնդիր լինելու ցանկությունը և հիմա, տեսնելով երկրի քաղաքական իշխանության տրամադրվածությունը ՍԴ նախագահի դեմ, որոշել իր ծառայություններն առաջարկել Նիկոլ Փաշինյանին։

Ալվարդ Մելքոնյանի շարժառիթները ակնհայտ են։ Բայց եկեք խոստովանենք, որ նման վարքագիծ այս օրերին շատերն են դրսևորում։ Ի վերջո, մենք ունենք կաշառք տալու գործի հայտնի «վարպետ» Սիլվա Համբարձումյանի օրինակը։ Իսկ հիմա արդեն կարող ենք փաստել, որ սիլվահամբարձությունը հավակնում է նոր շարժում դառնալուն։ Իշխանության քիմքին տհաճ ցանկացած գործիչ, ինչպես օրինակ, Հրայր Թովմասյանը, կարող է ունենալ իր «Սիլվա Համբարձումյանը»։ Եվ սա արդեն զավեշտ է։

Aysor.am-ը կապ հաստատեց Ալվարդ Մելքոնյանի հետ, որը հաստատեց, որ ինքն է Թովմասյանի դեմ ցուցմունք տվել: Հարցին՝ ե՞րբ են իրեն կանչվել հարցաքննության, Մելքոնյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, արդեն դա եղավ դատախազության աշխատակցի հարցաքննություն ինձ։ Բնականաբար, չեմ հիշում»։

Իսկ իր նոտարական լիազորություների կասեցման պատճառների մասին հարցը հունից հանեց տիկնոջը՝ վերջինս անցավ անձնական վիրավորանքների ասելով. «Ես լրագրողներին շատ լավ եմ ճանաչում։ Բոլորդ արդեն ծախված եք, բոլորդ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում