Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Ն․ Տեր-Գրիգորյանց

Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Ն․ Տեր-Գրիգորյանց

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: 1980-ականների զենքի էջը հնարավոր չէ փակել, նման հայտարություններին լուրջ չեմ վերաբերում․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հայտարարությանն առ այն, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված:

«Եթե մեր զինանոցում կան խորհրդային արտադրության զենքեր, և դրանք մինչև հիմա օգտագործվում են, նշանակում է այդ էջը երբեք հնարավոր չէ փակել: Այդ ամենը Ռուսաստանից են գնում: Ամբողջ աշխարհում Կալաշնիկովի ինքնաձիգը, ինչպես Կալաշնիկով կար, այնպես էլ մնացել է: Այդ զենքի համար փամփուշտներ են արտադրում, և այդ արտադրությունն այդպես էլ մնում է: Ռուսաստանում հիմնական տանկը Տ-72-ն է, այն հի՞ն է»,-ընդգծեց նա:

Գեներալ –լեյտենանտի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն 80-ականների զենքի մասին խոսելիս ամոթալի էջ ասելով, ցույց է տալիս, որ զենքից, դրա բնութագրից, արտադրությունից ոչինչ չի հասկանում:

«Ի՞նչ ամոթալի էջ, ո՞ր էջն է ամոթալի: Իսկ ինչո՞վ ենք մենք կռվել, ինչո՞վ ենք հաղթել: Այնպիսի զենքեր, ինչպիսիք ռուսներն ունեն, ոչ ոք աշխարհում չունի: Եթե մենք չունենայինք այդ հրթիռները, արկերը, ուղղաթիռները, հակատանկային արկերը, ձեռքի նռնականետները, այդ հին զենքերը, ինչպե՞ս մենք կհաղթեինք թշնամուն, որը նույնիսկ մեզնից ժամանակակից զենքեր ուներ և թուրքերի հետ միասնական էր: Գիտեք ինչ կա, Փաշինյանը պարբերաբար այնպիսի մտքեր է ասում, որ … չմեկնաբանեմ, ես չեմ կարող մեկնաբանել դրանք: Եթե նա երկու անգամ չգնի այդ տանկերի արկերը, նա առանց զենք կմնա: Եվ ի՞նչ, նա սկսելու է ձեռքերով և լեզվո՞վ խոսել: Ինչո՞վ է քո տանկը կրակելու, եթե դու փակել ես այդ էջն ու այլևս չես գնում»,-ասաց գեներալը:

Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ կարևորում է ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, բայց դա չի նշանակում, որ տարիների ձեռքբերումները պետք է անտեսել: Նրա խոսքով՝ նախկին զենքերից ու զինամթերքից, որն օգտագործվել է բանակում, չի հրաժարվում ոչ մի երկիր, դրանք կատարելագործվում ու ավելի ժամանակակից են դառնում` ըստ տնտեսական հնարավորությունների, դրանից հետո միայն գնում են ավելի ժամանակակից զենքեր:

«Ես չգիտեմ այնտեղ Փաշինյանը ինչ է գնել, ստացե՞լ է C-300, C-400 ԶՀՀ-ներ, թե՞ ոչ, ստացել է նոր համակարգեր, թե ոչ: Ամեն ինչ փակ է: Նա մտածում է, որ երեք ինքնաթիռ է գնել, իսկ մնացածը կարևոր չէ: Օրինակ՝ Կալաշնիկովը ինչպես կար, այդպես էլ մնացել է, մի փոքր ծալելու ձևն է փոխվել, բայց ինքնաձիգը մնում է ինքնաձիգ: Նա ընդհանրապես չգիտի էլ, թե ինչ է զենքը, նա չգիտի այդ զենքի բնութագիրը, նա չգիտի, թե ինչպես է դա եղել, և ինչպես են կռվել: Ինչի՞ համար խոսել, եթե չգիտես` ինչ ես խոսում: Տանկերը, հակատանկային միջոցները նետելո՞ւ է: Իսկ ի՞նչ նոր հակատանկային միջոցներ ունի»,-մանրամասնեց գեներալը:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ ժամանակակից սպառազինություն ձեռքբերելուց էլ պետք է հստակ վերլուծություններ անել:

Նա նաև պատմեց իր և Փաշինյանի միջև զրույցի մասին, և ասաց, որ փաստաթղթերից տեղյակ չէ. «Անցյալ անգամ, երբ նրան հարցրին ռուսական ռազմաբազայի մասին, նա ասաց, որ բազան պաշտպանում է Հայաստանին: Ճիշտ չի ասել, բազան ես եմ ստեղծել, այնտեղ մեզ մոտ լրիվ այլ բան է գրված: Այնտեղ գրված է, որ բազան ստեղծված է նրա համար, որպեսզի պաշտպանի Ռուսաստանին և Հայաստանին` ԱՊՀ-ի սահմաններում` ՀՀ զինված ուժերի հետ համագործակցությամբ: Իսկ ինքն ասում է՝ միայն հայերին է պաշտպանում: Հիմարություն է դա: Դու սկզբից փաստաթուղթը կարդա: Ինչպե՞ս մեկնաբանեմ դա: Եթե դու տանկ ունես, այդ տանկի արկերը պետք է գնել արտադրող երկրից, այսինքն` Ռուսաստանից, այլ կերպ ի՞նչ ես անելու: Դու ինքդ չես արտադրում արկեր, եթե չգնես, նշանակում է, որ քո տանկն արդեն անպետք է: Ինչո՞վ է քո տանկը կրակելու, եթե դու փակել ես էջն ու այլևս չես գնում»,- ասաց Արցախյան պատերազմի հերոսը:

«Այլ հարց է, եթե հնի բազայի վրա մենք սկսում ենք գնել ավելի ժամանակակից զինամթերք: Հայաստանում ձեռքբերված ինքնաթիռները մի փոքր թռիչք կատարեն այս կողմ, խախտում են Նախիջևանի սահմանը, մի փոքր այն կողմ` Վրաստանինը և այլն: Մինչև վերջ օդ չեն կարող բարձրանալ, որովհետև տարածքի չափը թույլ չի տալիս: Մեր տարածքում օդային կռիվներ մղելը շատ դժվար է, որովհետև ամեն տեղ օտար երկրների սահմաններ են: Պետք է գործել ըստ փոխկապակցվածության: Դիտե՛ք Պուտինի ելույթները, Անվտանգության խորհրդի ժամանակ նա անընդհատ ասում է` «Մենք պետք է մեծացնենք ժամանակակից սպառազինությունը մինչև 60%: Նոր հրթիռներ, նոր ռոբոտներ: Բայց դրանք արվում են հնի հիման վրա»,– ասաց գեներալ՝ եզրափակելով՝ զերծ է մնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առավել կոշտ պատասխանելուց:

Հեղինակ՝ Անի Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում