Փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ. Սաթենիկ Խլղաթյան

Փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ. Սաթենիկ Խլղաթյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինձ համար արդեն շատ հասկանալի է, որ կառավարությունը մեղքի զգացումից դրդված, 30 միլիոն դրամ է տրամադրել «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին, որպեսզի լռեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»–ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից սևազգեստ մայրերի դեմ դատական հայց ներկայացնելուն և կառավարությունից «Մարտի 1»-ի գործով տուժածների ընտանիքներին 30 մլն դրամ տրամադրելուն։

«Մենք ոչ մեկից վախենալու խնդիր չունենք։ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ պատրաստակամ է գալու և «Մարտի 1»-ի հետ կապված արձագանքելու։ Ինչո՞ւ մեր կառավարությունը թույլ չտվեց, որ գա և բացահայտի։ Հիմա փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ․ մնացածն իրենց պատասխանը դատարանում կստանան»,- ասաց նա և հավելեց, որ այստեղից պարզ է դառնում, որ կառավարությանը «Մարտի 1»-ի գործը բացահայտելը ձեռնտու չէ։

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց, որ 2019թ. հունվարից դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 30․000 դրամ պարգևավճարն ավելացվի, սակայն այն չի ավելացվել, փոխարենը՝ 2008թ. «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է տրամադրվել։

«Զոհված զինծառայողների համար գումար չունեին, իսկ «Մարտի 1»-ի դեպքերի համար գումար ունեին։ Եթե նրանք, այսօր 30 մլն վերցնելով, մտել են դատարան և իրենց նպատակն է ՀՀ երկրորդ նախագահին դատապարտելը, ապա ես խորհուրդ կտամ՝ ձեռքերը սևազգեստ մայրերից հեռու տանել, մենք պատշաճ վերաբերմունք ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեր տղաներին զոհասեղանին դնելով՝ կառավարության կողմից հարգանքի արժանանանք»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Սևազգեստ մայրերի նման պահանջ ներկայացնելուց հետո «Մարտի 1»–ի գործով տուժողների իրավահաջորդները նրանց դեմ դատական հայց են ներկայացրել։ Սևազգեստ մայրերի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ներկայացրեց հայցի դեմ առարկությունները, և նշեց, որ հայցի հիմքում Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտություններն են, որով նա ասել է՝ ինչո՞ւ օրինակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման հարձակման արդյունքում տուժած ոստիկաններին և զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում՝ պատճառաբանելով, որ բյուջեն պատրաստ չէ, բայց փոխարենը՝ 30 մլն դրամ է տրամադրվում «Մարտի 1»-ի գործով տուժածների ընտանիքներին։

««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները գտնում են, որ ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը և տարածվել է զրպարտություն համարվող տեղեկություններ։ Ես և իմ վստահորդները որոշել ենք, որ այս հայցից պաշտպանվելու խնդիր չունենք»,– ասաց նա և հավելեց, որ հայցը ևս մեկ հարթակը իրենց խնդիրը բարձրաձայնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում