«Հանուն Հայրենիքի» շարժում. Ազգային ժողովում որևէ լուրջ աշխատանք չի կատարվում

«Հանուն Հայրենիքի» շարժում. Ազգային ժողովում որևէ լուրջ աշխատանք չի կատարվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Ազգային ժողովի աշխատանքը գնահատում ենք զրո: Սա միայն մեր կարծիքը չէ, նաև հանրության: Ազգային ժողովը պետք է լուծարվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Իրինա Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք այս կարծիքին են ոչ թե այն պատճառով, որ այս ԱԺ-ն չի կարողանում աշխատել, այլ այս ԱԺ-ն մեծ վտագ է ներկայացնում. «Օրենքներն ընդունում է Ազգային ժողովը, բոլոր տեսակի գործերի դեպքում վերջնական խոսքը ԱԺ-ինն է, օրինակ Ստամբուլյան կոնվենցիա: Մենք դեռ չգիտեք, թե ինչ մարտահրավերներ են մեզ սպասում, ինչ փաստաթղթեր են դրվելու ԱԺ սեղանին վավերացման համար: Դրա համար մենք շատ մեծ վտանգներ ենք սպասում Ազգային ժողովից, այն պետք է լուծարվի»:

Ի. Հարությունյանի խոսքով, ակնկալում էին, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կլինի խորհրդարան, որտեղ բազմակարծություն, զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ կլինեին, այնտեղ գրագետ մարդիկ նստած կլինեին:

«Սակայն մեկ տարուց ավելի է հետևում ենք ԱԺ աշխատանքներին, բոլորդ էլ տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ կրկես, ամեն օր ինչ-որ թեմա է շահարկվում, սկսվում է ծիծաղելի քննարկումները: Հանրությունն ընդամենը կրկես է նայում, որևէ լուրջ աշխատանք չի կատարվում Ազգային ժողովում, իսկ նստածներն էլ հիմնականում կոճակ սեղմողներ են»,– ասաց նա:

«Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Աշոտ Համբարձումյանի խոսքով, 30 տարի ձևավորում են Ազգային ժողով, սակայն ինչպես նախագահական կառավարման կարգի ժամանակ, այնպես էլ այժմյան՝ խորհրդարանականի դեպքում, այն կրում է ձևական բնույթ:

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը, սերտ աշխատելով ազգաբնակչության հետ՝ այսօրվա դրությամբ ոչինչ չի փոխվել, ավելին՝ ավելի դժվարացել է, քան նախորդ իշխանություների ժամանակ»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում