«Գործադիրն և օրենսդիրը ռմբակոծում են ՍԴ-ին և Թովմասյանին՝ նրանց դարձնելով հալածյալ և զոհ»

«Գործադիրն և օրենսդիրը ռմբակոծում են ՍԴ-ին և Թովմասյանին՝ նրանց դարձնելով հալածյալ և զոհ»

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Մեր երկրում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է քաղաքական ճգնաժամի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Այվազյանի խոսքով, ճգնաժամի պատճառն այն է, որ սահմանադրական մակարդակով նախկինում նենգափոխվել է ՀՀ Սահմանադրությունը, իսկ այսօրվա գործող իշխանությունների գործառնական մակարդակում նկատվում է սեփական գործառական առաքելության չգիտակցում, և պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն էլ ավելի է խորանում։

«Այսօր խնդիր է դրված, որ հանրաքվեի միջոցով լուծվի ՍԴ թնջուկը։ Եթե խոսում ենք պետականության մասին, ապա կոնֆլիկտը պիտի լինի պետական ինստիտուտների միջև, այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում վարչապետն և օրենսդիր իշխանությունը մեկ թիմ են, մյուս կողմը իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանությունը ներկայացնող Սահմանադրական դատարանն է։ Հիմա մեր երկրում նենգափոխված սահմանադրության և սեփական գործառույթներին չտիրապետող իշխանության հակամարտությունը ինստիտուցիոնալ մակարդակից՝ հակամարտության լուծման եղանակների մասով, վերածվում է միջանձնային հակամարտության։ Եվ, բնականաբար, միջանձնային հակամարտությունները որևէ դրական արդյունք չեն կարող տալ պետությանը»։

Ըստ Այվազյանի, պետությունը՝ որպես երկրի վրա գործող օրինաչափ երևույթ կարելի է համեմատել ընտանիքի, գերդաստանի հետ։ Եվ եթե ընտանիքում որդիների միջև կա հակամարտություն, ապա այդ հակամարտությունը լուծում է գերդաստանի մեծը։ Այս դեպքում, իշխանության 3 ճյուղերը, սահմադրագետի խոսքով, որդիների դերում են, իսկ գերդաստանի ավագը պետության պարագայում հանրապետության նախագահն է.

«Երբ ավագը իր տեղում չի լինում, ապա ընտանիքի զավակների միջև վեճը հանգեցնում է աստվածաշնչյան Կայենի ու Աբելի վերջաբանին։ Դրա համար, եթե մենք ունենք ինստիտուցիոնալ կոնֆլիկտ, ապա այն պետք է լուծվի ինստիտուցիոնալ մեթոդներով»։

Անդրադառնալով երեկ ԱԺ ընդունած որոշմանը, որ պետք է հանրաքվեի միջոցով հանգուցալուծվի ՍԴ անդամների պաշտոնավարման խնդիրը՝ Այվազյանը նշեց, որ ընթացակարգային և սահմանադրականության պահանջների առումով այդ որոշումը հակասահմանադրական է։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը հստակ սահմանում է այդ ընթացակարգը, և մեր երկրի Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ կետը և 203 հոդվածը հստակ սահմանում են այդ խնդիրների լուծումը։ ԱԺ-ը Սահմանադրութան մեջ այն փոփոխությունները, որոնք կատարվում են միայն իր կողմից, պետք է առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկի ՍԴ, վերջինիս դրական եզրակացությունից հետո պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունի, ապա ուղարկի նախագահին, ով պետք է ստորագրի օրենքը, որպեսզի այն ուժի մեջ մտնի»,- նշեց Այվազյանը։

Եթե օրեքնքի նախագիծը երկրորդ ըթերցմումից հետո պատգամավորների ձայների 2/3-րդ չի ստանում, ապա ընդհանուր թվի 3/5-րդով որոշվում է նախագիծը դնելու հանրաքվեի։ Իսկ եթե օրենքի նախագիծն առաջին ընթերցումով չի ընդունվում, ապա օրինագիծը ընդհանրապես պետք է դուրս գա շրջանառությունից։

Այվազյանը նշեց, որ հանրաքվեի պետք է դրվի ՍԴ յոթ անդամների լիազորդոթյունները դադարեցնելու վերաբերյալ հարցը, սակայն Հայաստանում լարված և ատելության մթնոլորտ կա, և այդ պարագայում, եթե նախաձեռնվում է հանրաքվեի գործընթաց, այն քաղաքական ուժերը, որոնք մերժում են այսօրվա իշխանություններին, բնականաբար լրացուցիչ լծակ են ստանում, որ կոնսոլիդացվեն, համախմբվեն և իրենց գործունեությունը բերեն պաշտոնական քարոզչության հարթակ։

Հանրաքվեի դեպքում, սահմանադրագետը չի բացառում հասարակության տարբեր շերտերի միջև բախումները. «Այս պարագայում հանրաքվեն ևս չի կարող իրական կերպով արտահայտել ժողովրդի կամքը, ինչը իրականացվում է անհանդուրժողականության, փոխադարձ ժխտողականության մակարդակում»։

Իսկ եթե հակամարտությունը տեղի է ունենում ինստիտուցիոնալ մակարդակում՝ այիսնքն՝ ՍԴ-ը ընդդեմ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ապա սահմանադրական կառուցակարգերի առումով հստակ նշված է՝ հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը։

«Այստեղ ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահը, ինչը բացարձակ չկա։ Եթե նա ակտիվություն չի ցուցաբերում, ապա վարչապետը և ԱԺ-ը պետք է պաշտոնական գրությամբ դիմեն նախագահին՝ նրան ստիպելու, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի խնդիր լուծման կապակցությամբ։ Այդ դեպքում նախագահը պետք է հրավիրեր կոնֆլիկտի կողմերին, և հանրային քննարկման ժամանակ կողմերը կարողանային հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Հիմա կոնֆլիկտի մի կողմն անընդհատ ներկայացնում է իր դիրքորոշումնը, իսկ երբևէ չեմ լսել Հրայր Թովմասյանի հիմնավորումը, թե ինչու ՍԴ նախագահի աթոռն ինքը պետք է զբաղեցնի մինչև 2035 թվականը, այնինչ նախատեսված է նախագահի համար 6, իսկ դատավորների համար՝ 12 տարի»,– նշեց Այվազյանը։

Սահմանադրագետը նշեց, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն անընդհատ ռմբկոծում են ՍԴ-ին և Հրայր Թովմասյանին, նրանց, ըստ էության, դարձնելով հալածյալներ կամ զոհեր. «Հանրության մոտ ստեղծվում է տպավորություն, որ մի օրենսդիրն ու գործադիրը ճնշում են գործադրում խեղճ ՍԴ-ի վրա»։

Որպես լուծում, ըստ սահմանադրագետի, պետք է հանրապետության նախագահը ձևավորեր սահմանադրական ասամբլեա, քանի որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հիմնականում ձևավորված է սահմանադրությունն իմացող անփորձ երիտասարդներից, ովքեր սահմանադրականության առումով գիտելիքների մեծ պակաս ունեն։

«Սահմանադրական ասամբլեան պետք է լիներ մեծ ներկայացուցչական մարմին, ներառելով Հանրային խորհուրդը, իրավական մտքի հեղինակավոր կազմը և միջազգային փորձագիտական կազմը։ Նրանք, այս թնջուկը լուծելու համար պետք է ընտրեին սահմանադրական փոփոխությունների այնպիսի ընթացակարգ, որպեսզի խնդիրն իր լուծումը ստանար»,– նշեց Այվազյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում