Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն

Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։

ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխություններ իրականացումը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ ՍԴ-ն Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս¬խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման¬ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում։

Եվ քանի որ Ազգային Ժողովը շրջանցել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հստակ պահանջը, ապա Նախագահը, եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը ։ Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Մնում է միայն որոշել, արդյոք մենք ձգտում ենք լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների ապահովմանը։

Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգյանինն է։ Եթե նա կարող է հանդիպել բանկիրների հետ և դրանից հետո չստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքը, ապա ինչն է իրեն խանգարում հանդիպել իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանական պալատի / երեկվա հայտարարությունը՝ ի գիտություն/ , սահմանադրագետների՝ այդ թվում նրանց, ում նա առաջարկում էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և Իմ քայլը համառորեն մերժում էր։

Ինչու խուսափել այս ամենից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում