Գերմանիայի նախագահը սխալմամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ղեկավարությանը

Գերմանիայի նախագահը սխալմամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաստատել է, որ Իրանում Գերմանիայի դեսպանատունն իր անունից սխալմամբ հեռագիր է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերմանական լրատվամիջոցներին:

2019-ին Շտայնմայերը «ջերմ շնորհավորանքներ» էր փոխանցել Իրանի իշխանություններին հեղափոխության 40-ամյակի առթիվ և հավաստիացրել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որ Գերմանիան բոլոր ջանքերը կներդնի միջուկային գործարքի պահպանման համար: Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհուրդը, նախագահ Յոզեֆ Շուստերի գլխավորությամբ, քննադատել էր Շտայնմայերին այդ շնորհավորանքի համար:

«Այս տարի նախագահի գրասենյակը նախապես Իրանի իշխանություններին ուղղված տեքստ էր պատրաստել, որը պետք է ուղարկվեր Թեհրանում Գերմանիայի դեսպանատուն` այն առանց Բեռլինի լրացուցիչ հաստատման հասցեատիրոջը չուղարկելու առանձին ցուցումով: Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Շտայնմայերը որոշել է չուղարկել հեռագիրը, սակայն Թեհրանում գերմանացի դիվանագետները շտապել են և նախօրոք են այն ուղարկել»,- գրում է Welt թերթը՝ հղում տալով նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը:

Ավելի ուշ Իրանում Գերմանիայի դեսպանը տեղեկացրել է իրանական իշխանություններին, որ հեռագիրը սխալմամբ է ուղարկվել, և նշել է, որ այս տարի Գերմանիայի նախագահը զերծ կմնա Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարին ուղղված շնորհավորանքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում