«168 ժամ». Ի հեճուկս վարչապետի՝ բանկերի ժամկետանց վարկերն աճել են

«168 ժամ». Ի հեճուկս վարչապետի՝ բանկերի ժամկետանց վարկերն աճել են

Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բան­կերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վար­կերը։ Բանկերի ժամկետանց վար­կերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկե­րը. կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգ­ված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր ցուցիչ չէ բնակչության վար­կունակության գնահատման համար, որքան ժամկետանց վարկերը։

«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկե­տանց վարկերի կշիռը նախորդ տար­վա ընթացքում նվազել է և կազմել ռե­կորդային ցածր 0,85 տոկոս»,– ֆեյսբուքյան իր էջում անցած շաբաթվա վերջին գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ եզ­րակացնելով, որ դա վկայում է Հա­յաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։

Վարչապետի այս գրառմանը շտա­պեց արձագանքել Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ գրե­լով «Վարչապետ Փաշինյանը բան­կերի կողմից տրամադրված վարկե­րի մեջ ժամկետանց վարկերի 0,85 տոկոս ցուցանիշի մասով իրակա­նացրել է հերթական մանիպուլյացի­ան։ Ցավալի է մտածել, որ այդ մանի­պուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստա­հաբար տեղյակ է ժամկետանց վար­կերի իրական ծավալի մասին, քանի որ, ենթադրում եմ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում` արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկե­տանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալն ավե­լի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»։

Թե Մանե Թանդիլյանն ինչ տվյալ­ների հիման վրա է նման եզրակացու­թյան եկել, դժվար է ասել, պաշտոնա­կան վիճակագրության մեջ նման տվ­յալներ չկան։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ ԱԺ Ֆինանսավարկա­յին և բյուջետային հարցերի մշտա­կան հանձնաժողովի նախագահն առանց հիմքերի նման եզրակացու­թյուն չէր անի։ Ինչևէ, մի կողմ թողնե­լով նրա և վարչապետի վերոնշյալ գրառումների հակասությունը, անդ­րադառնանք այն տվյալներին, որոնք արձանագրել է պաշտոնական վիճա­կագրությունը։

Համաձայն այդ վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերին առևտրային բանկերի ժամկետանց վարկերը կազմել են 30 մլրդ 710 մլն դրամ, 2019թ. դեկտեմբերին 30 մլրդ 954 մլն դրամ։ Այսինքն՝ դրանք ոչ միայն չեն նվազել, այլև մի բան էլ ավելացել են։ Ճիշտ է, աճը շատ մեծ չէ, բայց կա։ Անցած տարի ժամկետանց վարկերն ավելացել են 244 մլն դրամով։ Բայց միայն այդ ցուցանիշը շատ քիչ է՝ գնահատելու համար բանկերի վար­կային պորտֆելի վիճակը և եզրակացնելու, որ բնակչության վճարու­նակությունը բարձրացել է։ Պակաս կարևոր չէ երկարաձգված վարկերի ցուցանիշը։ Խոսքն այն վարկերի մա­սին է, որոնց ժամկետները վերաձևակերպվել և երկարաձգվել են։

Այնպես չէ, որ վարկերի ժամկետնե­րը լավ օրից են երկարաձգվում։ Պատճառը վերադարձման դժվարու­թյուններն են, որոնք ստիպում են վարկառուներին ու բանկերին հա­մաձայնության գալ մարման ժամ­կետների տեղափոխման վերաբեր­յալ։ Դրանք ևս վատորակ վարկեր են, որոնց վերադարձման ռիսկայնությունը բարձր է։

Ի տարբերություն ժամկետանցնե­րի, իր գրառման մեջ երկարաձգված վարկերի մասին Նիկոլ Փաշինյանը գերադասել է ոչինչ չասել։ Մինչդեռ անցած տարի դրանք բավական կտրուկ ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ավելացել են, այլև՝ մեծացել է նման վարկերի տեսակարար կշիռը բանկե­րի վարկային պորտֆելում։ Եթե 2018թ. վերջին այդպիսին էր վարկե­րի 2,86 տոկոսը, ապա 2019թ. վերջին այն հասել է ընդհուպ 3,08 տոկոսի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում