Ընտրատեղամասերում տեսախցիկների լինելիությունը՝ հարցականի տակ

Ընտրատեղամասերում տեսախցիկների լինելիությունը՝ հարցականի տակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իշխանություններն ամբողջ թափով սկսել են նախապատրաստվել ապրիլյան հանրաքվեին: Չնայած դեռ նույնիսկ հայտնի էլ չէ՝ ովքեր են ընդգրկվելու նույն «ոչ»-ի քարոզչական ճամբարում կամ ինչպես է կազմակերպվելու քարոզչությունն առհասարակ, բայց «այո»-ի ջատագովների պարագայում օրակարգն առավել քան հստակ է. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ իշխանական թիմը նույնիսկ ժամանակից շուտ լծվել է «այո»-ի քարոզին՝ գործի դնելով հեղափոխական հայտնի տեխնոլոգիաները:

Իրականում, սակայն, իշխանությունների վիճակն այնքան էլ նախանձելի չէ, քանի որ ակնհայտ է, որ տարիներ առաջ իրենց արդարացրած հնարքները 2020-ի գարնանը կարող են չաշխատել՝ պայմանավորված, նախևառաջ, նորհայաստանյան իրողություններից բխող անհրապույր հանգամանքներով. իշխանություններն իրենք էլ գիտեն՝ էյֆորիան պրակտիկորեն մեռել է, իսկ ատելուց բոլորը հոգնել են՝ փափագելով գեթ մեկ օր սեփական մաշկի վրա զգալ Նիկոլ Փաշինյանի անիրական խոստումների՝ այդպես էլ ի հայտ չեկող արդյունքը:

Եվ քանի որ իշխանությունների համար առաջիկա հանրաքվեն տառացիորեն կենացմահու հարց է դառնալու, որը հաջողությամբ չլուծելու դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել, ապավինել բացառապես մարդկանց միամտությանը, մանիպուլացվելու հակվածությանը և կամ Սփյուռքի վիրտուալ ներուժին, իշխանական թիմում ոչ ոք չի պատրաստվում (որքան էլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով կոչ անի դրսի հայերին՝ գալու ու «այո» ասելու, չկա որևիցե երաշխիք, որ վարչապետի այդ հորդորը տեղ կհասնի, և վերջին պահին իշխանությունները փաստի առաջ չեն կանգնի՝ մնալով ներքին չեղած ռեսուրսի հույսին). իրավիճակից «պատվով» դուրս գալու տարբերակներից մեկն էլ կարող է դիտարկվել ընտրակեղծարարության ճանապարհը:

Ընտրակեղծիքների թեման նոր Հայաստանում այնքան էլ մոդայիկ չդարձավ՝ չնայած այն անհերքելի իրողությանը, որ նախկինում ընդդիմության ջանքերով օրակարգային հարցերից մեկն էլ մշտապես եղել է հենց այդ հարցը: Թե ինչո՞ւ, իհարկե մեծ հարց է, սակայն չի բացառվում, որ նման տակտիկան իրականում պայմանավորված է եղել ու է ոչ թե ոմանց անհիշաչարությամբ, այլ՝ հստակ քաղաքական հաշվարկներով:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանրաքվեի անցկացման օրը ընտրատեղամասերում տեսախցիկներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան չի տվել՝ հայտարարելով. «Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել` հնարավոր կլինի՞ իրականացնել դա, թե՞ չէ…»:

Ճիշտ է՝ տեսախցիկների՝ ընտրատեղամասերում լինել-չլինելը չի կարող բացարձակ անվիճարկելի դարձնել ընտրակեղծիքների բացառումը, քանի որ կեղծելուն հակված իշխանություններն այսպես թե այնպես ձևը կգտնեն, սակայն աներկբա է նաև այն, որ տեսագրող սարքերի առկայությունը բոլոր դեպքերում կարևոր զսպիչ գործոն կարող է դառնալ կեղծիքների բացառման հարցում. դրանք ակնհայտորեն կրճատում են կեղծարարությունների իշխանական ռեսուրսը՝ գոնե որոշակի թափանցիկություն ապահովելով:

Հիմա, սակայն, հայտարարվում է, որ տեսախցիկների լինել-չլինելը հարցականի տակ է, ինչն ինքնաբերաբար նշանակում է, որ կեղծարարության դիմելու իշխանությունների հնարավորությունները մեծանալու են, և սա անկախ այն բանից, թե «սպիտակների» թեթև ձեռամբ հաջողությամբ ռեաբիլիտացված ԿԸՀ նախագահն ինչ պատճառներ է մատնանշում: Ինչ վերաբերում է միջազգային հանրության, հեղինակավոր կազմակեպությունների կողմից տրվելիք գնահատկաններին, ապա հնարավոր տհաճ իրավիճակներից դուրս գալու ելքն իշխանությունները վաղուց են գտել. ընտրակեղծարարությունների մեջ մեղադրվելու պարագայում կհայտարարեն, որ մեղադրողներին «սևերն» են կաշառել, և որ հնչող գնահատականները բացարձակապես որևիցե արժեք չունեն՝ ճիշտ այնպես, ինչպես ասենք՝ նույն Վենետիկի հանձնաժողովի ու նրա նախագահի կամ եվրոպական քաղաքական ուժերի պարագայում է հայտարարվում, երբ վերջիններս ակնհայտորեն փորձում են ուշքի բերել փառքից գլխապտույտի մեջ ընկած հայաստանյան իշխանավորներին՝ բախվելով, սակայն, անտարբերության պատին:

Սրան զուգահեռ, իշխանությունները փորձ են անում հմտորեն քողարկել սեփական վախերը. իբր ժողովուրդն իրենց կողքին է, իբր իրենց ռեյտինգն այնքան բարձր է, որ պրոբլեմ չունեն ու իրենց «այո»-ին, կոպիտ ասած, «ոչ» ասող չի լինելու: Դրանով փորձ է արվում կանխավ ստեղծել իրականության խեղաթյուրված պատկեր, որի օգնությամբ ջանալու են ցանկալին մատուցել իրականության տեղ՝ հանրաքվեի արդյունքների կասկածի տակ առնվելը բացառելու հույսով՝ անգամ եթե դրանք պարզ թվանկարչություն լինեն:

Հենց նման տակտիկա է բանեցվել, օրինակ, իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի կողմից, երբ նա իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե «Իմ քայլի» ընտրական վարկանիշն այժմ այնքան է, որքան՝ 2018-ի ընտրությունների ժամանակ: «Երկու ամիս առաջ ենք ծանոթացել նոր սոցիոլոգիական հետազոտությունների հետ, որ անցկացվել են սոցիոլոգիական բոլոր մեթոդներին համապատասխան: Ես՝ ինքս, շատ մանրամասնորեն ուսումնասիրել եմ. «Իմ քայլի» վարկանիշը՝ ընտրական վարկանիշը, ճիշտ այնքան է, որքան՝ 2018թ-ի ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ տեսականորեն, եթե մենք հիմա անենք ընտրություններ, նույնչափ քվեներ կստանանք մեր քաղաքացիների կողմից»,-մասնավորապես՝ վստահեցրել էր իշխանական պատգամավորը՝ հստակորեն ակնարկելով, որ ապրիլյան հանրաքվեին ակնկալում են ասենք 85%-անոց աջակցություն, իսկ հանրաքվեի ոչ իշխանանպաստ արդյունքն ի սկզբանե պետք է բացառել:

Իրականում իշխանությունները հրաշալիորեն տեղյակ են, որ իրենց նախկին վարկանիշից այսօր նույնիսկ չնչին հետք էլ չի մնացել, և, վստահաբար, նրանց ձեռքի տակ կան, գոյություն ունեն օբյեկտիվ, սակայն գաղտնի պահվող սոցիոլոգիական հարցումներ, որոնք, բացի խուճապից, իշխանությունների մոտ ուրիշ ոչինչ ուղղակի չեն կարող առաջ բերել: Անկասկած, այդ իրողության հետևանք է նաև «փրփուրներից կախվելու» իշխանական վարքագիծը, որի ամենացայտուն դրսևորումներից մեկն էլ, թերևս, Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչն էր՝ ուղղված Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում