Կյանքը հանրաքվեից հետո

Կյանքը հանրաքվեից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ապրիլի 5-ին իշխանությունները ժողովրդին պատրաստվում են հարցնել՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի 7 անդամները պետք է շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնը, թե ՝ոչ:

Չնայած հանրաքվեի շուրջ քննարկումներում գերակայում են իրավական մեկնաբանությունները, սակայն սահմանադրությունը, նախևառաջ, քաղաքական փաստաթուղթ է: Այն սահմանում է տվյալ տարածքում ապրող մարդկանց համակեցության կանոնները: Առաջին հերթին սա վերաբերում է իշխանություններին, քանի որ նրանց ձեռքում է կենտրոնացած ամենամեծ կարողությունները և այն նախ ամրագրում է հենց իշխանության սահմանները: Այլ կերպ ասած՝ ովքե՞ր, ինչպե՞ս և ի՞նչ սահմաններում պետք է իշխեն:

Մի կողմ թողնենք այն, որ ՍԴ դատավորների նշանակումները իրավական կամ բարոյական հարթության մեջ վիճարկելի են, ինչով իշխանությունները այսօր հիմնավորում են իրենց գործողությունները: Դատարանները շրջափակելու օրվանից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի համար ՍԴ այս կազմը նվազագույնը ցանկալի չէ: Ավելին, ԱԺ-ում վերջին քննարկումների ժամանակ այդպես էլ չասվեց, թե ինչով է այսօրվա ՍԴ-ն խանգարում գործադիրին և օրենսդիրին: Հետևապես, գլխավոր պատճառը քաղաքական է, մասնավորապես՝ սեփական իշխանության վերջնական ամրապնդումը: ՍԴ-ն նախկինների կողմից է ձևավորվել և վարչապետը այդտեղ սպառնալիք է տեսնում:

Երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի նորից ժողովրդի միջոցով լուծել իր քաղաքական հարցերը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կադրային թերությունները, սեփական կուսակցության թույլ կազմակերպվածությունը, պետության զարգացման վերաբերյալ համապարփակ մոտեցումների և դրանց գրագետ ներկայացման բացակայությունը, բաժանարար գծերի մեծացումը և քաղաքական երկխոսության բացակայությունը չծառայեցին ի սպաս իշխանությանը: Մնաց միակ համախոհը, ինչպես 2018թ.-ին էր, ում և դիմում է Նիկոլ Փաշինյանը:

Եթե հանրաքվեի արդյունքները դրական լինեն, ապա ՍԴ կազմը փոխվելու է: Նոր դատավորները կլինեն իշխանությունների համար ցանկալի անձինք: Այս պատկերը կար և նախկինում: Մինչդեռ, կար հնարավորություն եղած իրերի դրությունը օգտագործել և ՍԴ-ն դարձնել իրապես անկախ օրվա իշխանությունից: Այս դեպքում իշխանությունները պատճառ չեն ունենա քաղաքական երկխոսության ու համագործակցության և ամեն ինչ կշարունակի պտտվել վարչապետի անձի շուրջ։

Եթե արդյունքները լինեն բացասական, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանրագույն հարված կստանա: Կկոտրվի այն միֆը, որ ժողովուրդը բացարձակ աջակցում է իրենց և նրանք ժողովրդի միակ ներկայացուցիչն են: Իշխանության լեգիտիմության ճգնաժամը և ուժեղ ընդդիմության բացակայությունը իշխանությանը ստիպելու են առավել քան երբևէ գնալ ժողովրդահաճո գործողությունների, մոռանալ կարևոր, բայց ցավոտ ռեֆորմների մասին: Դրան զուգահեռ իշխանությունները կա՛մ կսկսեն ավելի խորը համագործակցել ընդդիմության հետ, կա՛մ կխստացնեն սեփական գործիքակազմը վերջինիս նկատմամբ՝ մեծացնելով սեփական մեկուսացվածությունը, ինչը ձեռնտու չի լինի նրանց:

Ըստ այդմ՝ հանրաքվեից հետո, ամենայն հավանականությամբ, քաղաքական համակարգը կլինի կա՛մ ավելի կենտրոնացած մեկ անձի շուրջ, կամ իշխանությունները ստիպված կլինեն ավելի շատ կոմպրոմիսների գնալ այլ ուժերի հետ և համագործակցության նոր դաշտեր ձևավորել:

Սա պետականաշինության ընթացք է, որին մեր բնակչությունը սովոր չէ: Սակայն այս ընթացքում է որոշվում, թե ինչպիսի պետության մոդել է ցանկալի ժողովրդի համար: Ապրիլի 5-ին ժողովուրդը կընտրի ինչպիսի սահմաններ է ցանկանում դնել իշխանության առաջ։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում