Իրանի նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ը չի կարողանում ճնշել իր երկիրը

Իրանի նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ը չի կարողանում ճնշել իր երկիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԻրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե անցած երկու տարիներին Միացյալ Նահանգներին չի հաջողվել «խիստ պատժամիջոցներով» պարտության մատնել իրանցիներին։

«Ամերիկան ուզում է թուլացնել իրանցիներին։ Նրանք ուզում են, որ մեր պետությունը հանձնվի»,- ասել է Ռուհանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը նշող արարողության ժամանակ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները դեմ է իրանցիների հավատքի ընտրությանը։ Սակայն, Ինչպես ասել է Ռուհանին, «Իրանի ժողովուրդը, կառավարությունը և զինված ուժերը ընդդիմանալու են ԱՄՆ-ի ճնշումներին»։

Տոնակատարության մի քանի հարյուր հազար մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ նախագահ Ռուհանին հայտարարել է նաև, թե Իրանի կառավարությանն անցած ամիսների ընթացքում հաջողվել է հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում առաջ եկած խնդիրները։

Արարողության ժամանակ ներկաներից շատերը կրում էին Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի, նրան հաջորդած հոգևոր ներկա առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ու ԱՄՆ-ի կողմից վերջերս սպանված բանակային հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նկարները։

Խամենեին ու նախագահ Ռուհանին էին վերջերս կոչով դիմել ժողովրդին՝ հորդորելով մեծ բազմություն ապահովել հեղափոխության տարեդարձի արարողության ժամանակ՝ դատապարտելու համար Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի «թշնամական» քայլերը։

Երկրի տարբեր քաղաքներում երեքշաբթի օրը բազմաթիվ մարդիկ էին անկացնում հակաամերիկյան ու հակաիսրայելյան կոչերով ցույցեր։ Մայրաքաղաքում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներ։

1979 թվականի հեղափոխությունն էր, որը տապալեց ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող Մոհամեդ Ռեզա Փահլավի արքայի վարչակարգն ու իշխանության բերեց Խոմեյնիին։ Արդեն 41 տարի է, որ չեն բարելավվում ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում