ԱՄՆ Հայ դատը երախտապարտ է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթին և մյուս կոնգրեսականներին’ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի’ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսումներում սիրիահայ գաղթականների բարեկեցությանը վերաբերող խնդիրները բարձրացնելու համար: «Մենք երախտապարտ ենք նախագահ Քրիստոֆեր Սմիթին Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ լսու մներն անցկացնելու համար, ինչպես նաև ցանկանում ենք մեր առանձնահատուկ երախտիքը հայտնել բոլոր կոնգրեսականներին այս կարևոր հարթակում Սիրիայի փոքրամասնություններին, քրիստոնյաներին և սիրիահայ գաղթականներին հուզող հարցերի բարձրացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Հունիսի 25-ին կայացած լսումները բացել է նախագահ Քրիստոֆեր Սմիթը’ հայտարարելով, որ Սիրայի բնակչության ամեն տասը մարդուց մեկը քրիատոնյա է, իսկ Սիրիան լքողների յուրաքանչյուր հինգից մեկն է քրիստոնյա:

Կոնգրեսական Ռենդի Վեբերը (հանրապետական’ ընտրված Տեխասից) իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի քրիստոնայաների դրության վերաբերյալ’ այն որակելով ցեղասպանության ակտ: ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան, պատասխանելով նախագահ Սմիթի այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացը ցեղասպանություն է, նշել է, որ դա «հանցագործություն է մարդկության դեմ»: Սմիթն իր մտահոգությունն է հայտնել, որ նախկինում ԱՄՆ երկար է հապաղել նման կոտորածները ցեղասպանություն կոչելու հարցում:

«Christian Solidarity International» կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Այբները հայտարարել է, որ Ասադի կառավարությունը տապալել ցանկացող ուժերը պատասխանատու են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունն ապահովող վստահելի այլընտրանք ստեղծելու գործում:

Կոնգրեսական Ջերրի Քոնոլին (դեմոկրատ’ ընտրված Վիրջինիայից) նշել է, որ թշնամին անհայտ է, և ԱՄՆ պետք է պատրաստ լինի պատերազմի: Քննարկվել են նաև առանց ռազմական միջամտության Սիրիայի խնդիրը լուծելու հնարավոր տարբերակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում