«Հրապարակ». ՀՀ իշխանությունների «տուրիստական» այցերը որևէ արդյունք չտվեցին

«Հրապարակ». ՀՀ իշխանությունների «տուրիստական» այցերը որևէ արդյունք չտվեցին

«Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն Ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն և այդ մասին բաց խոսում իր ասուլիսում՝ մատնացույց անելով դեպի Ռուսաստան։

Ոչ մի եվրոպացի գործընկեր չի ուրախանա, երբ վարչապետը քննադատում է միջազգային կառույցներին, իսկ նրա թիմի ամենաակտիվ անդամներից մեկը Վենետիկի հեղինակավոր հանձնաժողովի նախագահին կոռուպցիոներ է անվանում։

Դժվար է նաև չնկատել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք այսօր, կարելի է ասել, ունենք զրո հարաբերություններ․ ՀՀ իշխանությունների «տուրիստական» այցերը որևէ արդյունք չտվեցին։ Ինչպես արդյունք չտվեցին ներդրումների հետևից Եվրոպա, ԱՄՆ, Կանադա կատարված այցերը։ Անզեն աչքով նկատելի է նաև, որ Չինաստանի, Իրանի, ԱՄԷ և մյուս արևելյան երկրների հետ էլ մենք կա՛մ չունենք հարաբերություններ, կա՛մ դրանք չնչին են։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ էլ ամեն ինչ հարթ չէ՝ Ղազախստանի հետ վերջին լարումը դեռևս չի հարթվել։ Վրաստանի հետ «բարև-բարլուսից» այն կողմ չեն անցնում։

Դե, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Արտաքին աշխարհի հետ գրեթե զրոյական հարաբերությունների մասին է խոսում նաև այն, որ մենք դրսից հյուրեր գրեթե չենք ունենում՝ Հորդանանի թագավորը բացառություն էր ու Արմեն Սարգսյանի անձնական հյուրը։ Եվ եթե մի քիչ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պետք է խոստովանենք, որ Հայաստանն այսօր ավելի մեկուսացված է աշխարհից, քան եղել է նախորդ ժամանակաշրջանում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում