Ռուսաստանն արձագանքել է Էրդողանի մեղադրանքներին

Ռուսաստանն արձագանքել է Էրդողանի մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանը պատասխանել է Սիրիայում խաղաղ բնակչության դեմ հարձակումների վերաբերյալ Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի ՊԵսկովը հայտարարել է, որ սիրիացի զինվորականները հարվածներ են հասցնում ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ահաբեկիչներին։ Այս մասին գրում է regionmonitor-ը։

ՌԴ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման պատճառը Թուրքիայի կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական անտեսումն է։

Խոսքը մասնավորապես 2018թ․ սեպտեմբերի 18-ին Սոչիում կնքված ռուս –թուրքական հուշագրով ստանձնած պարտավորությունների խախտման մասին է։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և հակված է շարունակել համագործակցությունը։

«Ներկա պայմաններում մեր գլխավոր խնդիրն ենք համարում աշխարհում բռնության մակարդակի նվազեցումը, լարվածության նվազեցման (դեէսկալացիայի) գոտու ներսում և դրսում գտնվող երաշխավոր երկրների զինծառայողների անվտանգության ապահովումը, ինչպես նաև՝ չմտածված ուժային գործողությունների արդյունքում զինված կոնֆլիկտների բռնկման կանխարգելումը», — նշել է Զախարովան։

Հավելենք, որ Սիրիայի արտգործնախարարությունը ևս իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերի դեմ հարձակվելու սպառնալիքների հեղինակը՝ Էրդողանը, «կտրված է իրականությունից»։ Դիվանագետները կարծիք են հայտնել, որ Էրդողանը աջակցում, զինում ու մարզում է ահաբեկիչներին, իսկ հետո հանդես գալիս «դատարկ հայտարարություններով»։ Սիրիայի ԱԳՆ-ն անօրինական է համարել Թուրքիայի ներկայությունը սիրիական հողերում։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թուրքիայի մեջլիսում ելույթ ունեցած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին՝ սիրիական Իդլիբում խաղաղ բնակչության դեմ զինված հարձակումների մեջ և սպառնացել ամենուր հետապնդել ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարել կառավարական ուժերի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում