Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին

Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱյսօրվա Ոստիկանությունը համարժեք չէ երկրում տիրող իրավիճակին, հանցավորությանը, որովհետև Ոստիկանությունը չունի այն գործիքակազմը, լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծման նախագծին:

«Նախկինում, երբ Ներքին գործերի նախարարությունը դարձավ Կառավարությանն առընթեր Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն չունեցավ Ոստիկանության կազմում և գործելաոճում ընդհանրապես: Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: Այն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլև մի շարք այլ՝ ոչ ոստիկանական ծառայություններ»,- ասաց Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, թե մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է:

«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Ոստիկանությունը պետք է ունենա լիազորություն գործերն ամբողջությամբ քննելու, ուղարկելու դատարան և պատասխանատվություն կրելու այդ գործերի ամբողջ ընթացքի համար:

Պատգամավորի խոսքով՝ նախատեսված է, որ ոստիկանության պետին կնշանակի ՀՀ վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն: «Նախարարին ներկայացվող պահանջների մեջ չկա պայման, որ նա պարտադիր պետք է լինի համակարգից, պաշտոնը քաղաքացիական է, կարող է լինել այն անձը, որը բավարարում է պատգամավոր դառնալու պահանջներին»,-նշեց նա:

Հարցին՝ մեկ տարվա ընթացքում իրատեսակա՞ն է այդ փոփոխություններին հասնելը, Խաչատրյանը պատասխանեց, որ կազմված փաստաթուղթը շատ լուրջ վերլուծությունների հիման վրա է կազմվել՝ 1-1.5 տարվա ընթացքում:

«Նախատեսված է ամբողջ ծավալով իրականացնել 2020-2020 թթ. ընթացքում: Կարճ ժամանակահատվածը ստիպելու է, որ քայլերը լինեն շատ գործուն: Բայց վստահ եմ, որ կառավարությունը ռեսուրսները հաշվի է առել, և ռազմավարական խնդիրներն ամբողջությամբ կլուծի»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ կլինեն որոշակի պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի դառնալ աշխատակից: «Կընդունվեն բուհեր ավարտած նոր կադրեր, կապ չունի, թե ինչ կրթություն են ունեցել, կարևորը՝ բարձրագույն կրթություն ունենան, որից հետո ոստիկանության կրթահամալիրում կանցնեն համապատասխան կուրսեր: Կարևոր են նաև լեզուների իմացությունը, բարետես արտաքինը, ֆիզիկական կարողությունները, առողջությունը, ՀՀ ԶՈւ-ում ծառայած լինելը»,– ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե ստեղծվելու է հանձնաժողով, որում ներառված կլինեն նաև հոգեբաններ, որոնք թեստերի, հարցազրույցների միջոցով վեր կհանեն խնդիրներն ու կառանձնացնեն այն մարդկանց, որոնք բավարարում են պահանջներին:

Պատգամավորի խոսքով՝ կավելանան նաև սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձերը:

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև բանակում տիրող իրավիճակին և նախորդ օրը տեղի ունեցած մահվան երկու դեպքերին՝ ընդգծելով, որ իրավիճակը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման առարկան է, և բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու, և հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի:

Նրա խոսքով՝ բանակում խաղաղ պայմաններում զոհերի հիմնական դեպքերում նպաստող պայման է քրեական ենթամշակույթի առկայությունը զորամասերում և ընդհանրապես հասարակությունում: «Զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե դա հանրության մեջ չլինի»,- ասաց նա՝ նշելով, թե կարող ենք ունենալ զինծառայող, որին քրեական ենթամշակույթին հարելու հոդվածով մեղադրանք կառաջադրվի:

Դիտարկմանը, թե զոհերի թիվն աճում է, պատգամավորն արձագանքեց. «Դեռևս թվի աճ չկա, որքանով ես տեղյակ եմ, թիվը բոլոր տարիներին գրեթե նույն կերպ պահպանվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում