Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն. եթե չկա թշնամի, անպայման այդ թշնամին պետք է լինի. Գրիգոր Մուրադյան

Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն. եթե չկա թշնամի, անպայման այդ թշնամին պետք է լինի. Գրիգոր Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետևանքները լինելու են հիմնարար, դրանց հաղթահարման համար անհրաժեշտ կլինեն, երևի, տասնամյակներ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

«Ցավոք սրտի, իրավագիտությունը վերջնականապես տապալված է մեր երկրում, իրավագիտության մասին այլևս որևէ խոսք չի կարող գնալ, քանի դեռ այս գործընթացներում տեղի չունենա բեկում, շրջադարձ», – ասաց նա։

Մուրադյանի խոսքով՝ շատերը Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող բիրտ ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի հետ, ինչ-ինչ խնդիրների հետ։

«Բայց, իրականում, ծայրահեղ պոպուլիզմն ու Սահմանադրական պետությունը անհամատեղելի են, իսկ ՍԴ-ն, որպես Սահմանադրության բարձրագույն պահապան, պետք է սահմանադրական արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգություններից։ Ծայրահեղական պոպլուիզմի հիմքում դրված է քաղաքական սեգրեգացիա, այսինքն՝ բաժանումը տարբեր մասերի, եթե չկա թշնամի, անպայման այդ թշնամին պետք է լինի, հակառակ դեպքում, ծայրահեղական պոպուլիզմի գոյատևման շանսերը հավասարվում են զրոյի», – ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։

Գրիգոր Մուրադյանի մոտ տպավորություն է, որ Հայաստանը հետ է շպրտվում ոչ թե անգամ դեպի Խորհրդային Հայաստանի սահմանադրականություն, այլ, ցավոք սրտի, նախորդ դարի երեսունականներ։

«Ինչ վերաբերում է հիմնավորումներին, ես, որպես քաղաքական իշխանության երազանքների Սահմանադրական դատարանի, կներեք անհամեստությանս համար, «ճարտարապետ», որովհետև 7-րդ գլխի հիմնական հեղինակը ես եմ, պետք է ասեմ, որ 7-րդ գլուխը շարադրելիս իմ մտքով չի անցել, որ այն հնարավոր է մեկնաբանել այնպես, որ իրավական պետությունում ՍԴ դատավորի, ցանկացած այլ դատարանի դատավորի անփոփոխելիությունը կարող է լինել չերաշխավորած, քանի որ այդպես է կարծում, իրենց ընկալմամբ, ժողովուրդը, սա ուղղակի աներևակայելի ընկալում կլիներ», – ասաց նա։

Գրիգոր Մուրադյանը նշեց, որ խաթարվում է Սահմանադրության կայունությունը։

«Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն, քանի որ իրավական պետության կրող հիմքերից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել իրավական պետություն, դա դատավորների անկախությունը, անփոփոխելիությունը և պաշտոնավարման անվտանգությունն է», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում