Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվել է 1716 բուժաշխատող

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվել է 1716 բուժաշխատող

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով արդեն վարակվել է 1716 բուժաշխատող, հիվանդությունը խլել է նրանցից վեցի կյանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինի տարածած հայտարարությանը:

«Փետրվարի 11-ի դրությամբ, նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով առաջացած թոքաբորբով ամբողջ երկրում վարակվել է 1716 բուժաշխատող, որը վարակվածների ընդհանուր թվի 3,8 տոկոսն է կազմում, ցավոք, նրանցից 6-ը մահացել է, որը մահվան ելքով դեպքերի 0,4 տոկոսն է»,- հայտնել է Ցզեն Իսինը:

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին անվանում են «սպիտակ համազգեստով հրեշտակներ» կամ «սպիտակ խալաթներով մարտիկներ», քանի որ հիվանդության դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունը հենց նրանց վրա է ընկնում:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 63,8 հազարը, մահացել է 1380 մարդ, Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է 505 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում