Հանդես կգանք «Ոչ»-ի նախաձեռնությամբ՝ պայքարի մեջ չմտնելով «Այո»-ի հետ. Գոհար Մելոյան

Հանդես կգանք «Ոչ»-ի նախաձեռնությամբ՝ պայքարի մեջ չմտնելով «Այո»-ի հետ. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն դեպքում հանրաքվեի արդյունքում «այո» կողմը հաղթանակ տանի և այդ հակասահմանադրական փոփոխություններն ընդունվեն։ Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները միաժամանակ դադարեցվելու են, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Նախ, մենք չունենք ներպետական ատյան, որտեղ կարող են այս դատավորները դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Բացի այդ, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվելու դեպքում բախվելու ենք մի իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանը ձևավորվելու է բացառապես մեկ ուժի կողմից՝ բացառությամբ մեկ դատավորի։ Մեր երկրում արդեն իսկ աննախադեպ իրավիճակ է, երբ գործադիր իշխանությունը ձևավորված է բացառապես մեկ ուժի կողմից, օրենսդիր մարմինը կազմում է որակյալ մեծամասնություն։ Հերթն արդեն Սահմանադրական դատարանինն է։ Սպառնալիք է լինելու նաև այս հանրաքվեի լեգիտիմության բարձրացումը հետագայում եկող ուժերի կողմից», – ասաց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ հետագայում եկող ուժերն, ինչպես ներկայիս ուժերը, հարցականի տակ են դնելու տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և դրանց հիման վրա ձևավորված ՍԴ-ի լեգիտիմության խնդիրը։

Մելոյանն ասաց՝ իրավաբաններով քննարկել են և որոշել, որ ամեն դեպքում անհրաժեշտ է «Այո»-ին այլընտրանք ձևավորել։

«Մասնագիտական համայնքի որոշ գործընկերներով որոշել ենք «Ոչ» նախաձեռնությամբ հանդես գալ, կազմավորել «Ոչ» քարոզչական նախաձեռնության խումբ, սակայն, կարևոր է ընդգծել, որ մենք որևէ կերպ քաղաքական հայտ չեն ներկայացնում, պայքարի մեջ չենք մտնելու «Այո» քարոզչական խմբի հետ։ Սա բացառապես մասնագիտական գործունեություն է լինելու, որպեսզի որոշակի վերահսկողություն կարողանանք իրականացնել այս գործընթացի նկատմամբ՝ հնարավորինս կանխելով խախտումները», – ասաց Գոհար Մելոյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում