Մենք ամենևին ցանկություն չունենք ակտիվորեն քարոզելու. Ռուբեն Մելիքյան

Մենք ամենևին ցանկություն չունենք ակտիվորեն քարոզելու. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Հանրաքվեի գործընթացին ինչ-որ կերպ մասնակցելու գաղափարն առաջացավ, երբ տեսանք, որ քաղաքական ուժերը մեկը մյուսից հետևից հայտարարում են, թե անտեսում են այն, ու թեև նրանց փաստարկները հասկանալի են, ամեն դեպքում՝ հարցը պետք է դիտարկել ՀՀ-ի պետական շահի տեսանկյունից:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, «Ոչ» քարոզչական կողմի նախաձեռնող Ռուբեն Մելիքյանը:

«Որքան էլ մենք այս գործընթացը համարենք հակասահմանադրական, իրողությունից խուսափել չենք կարող, իսկ իրողությունն այն է, որ հանրաքվեն նշանակված է, բայց որևէ քաղաքական ուժ «Ոչ»-ի դրոշը չի վերցրել: Ստացվում է՝ մեր քաղաքացիները հավասար հասանելիություն չունեն «կողմ» և «դեմ» փաստարկներին, և առաջանում է խնդիր պետական շահի տեսանկյունից»,- ասել է իրավապաշտպանը:

Ըստ Մելիքյանի՝ եթե որևէ մեկը «Ոչ»-ի դրոշը չի վերցնում, այդ համոզմունքն ունեցող ուժերն ու քաղաքացիները զրկվում են հանրաքվեի նկատմամբ որևէ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ բողոքարկման իրավասությունից:

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է ոչ թե քաղաքականապես մրցակցել «Այո» քարոզչական կողմի հետ, այլ հնարավորություն ստեղծել այն ուժերի համար, որոնք չեն վերցրել «Ոչ»-ի դրոշը, բայց կարող են վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ. «Մենք դասական իմաստով քարոզչությամբ զբաղվելու խնդիր չենք դնում: Մենք ամենևին ցանկություն չունենք ակտիվորեն քարոզելու, մարդկանց կոչ անելու ինչ-որ կերպ վարվել, մարզերով շրջելու: Մենք չենք պայքարելու վարչապետի թիմի, նրա քարոզչական թեզերի դեմ»:

Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ իրենք կհայտնվեն և՛ իշխանությունների, և՛ հանրաքվեն բոյկոտողների քննադատության կիզակետում. «Պետք է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այս ամենի հետ և ցանկանում են վերահսկել գործընթացը: Թիրախավորումը, վիրավորանքներն ու պիտակավորումները մեզ չեն վախեցնում: Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան լսելու հակառակ փաստարկներ: Բոլոր այն ուժերը, որոնք ունեն ասելիք, կարող են համագործակցել մեզ հետ»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ շատ կարևոր է քարոզչության ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի բացառումը: «Այս գործընթացը հակասահմանադրական է, և լավագույն ելքը կլիներ մինչև խախտումը եղած վիճակի վերականգնումը, այսինքն այն, որ հանրաքվեի արդյունքում քաղաքացիները չհամաձայնեն «Այո»-ին՝ կա՛մ ցածր մասնակցությամբ, կա՛մ էլ «Ոչ»-ի հաղթանակով»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով. «Հանրաքվեի արդյունքով պետք է հաստատվի, որ առաջարկվող փոփոխությունը չպետք է մտնի Սահմանադրության մեջ: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս գործընթացն ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, հանրությունը հնարավորինս անցավ դուրս գա մեզ պարտադրված այս գործընթացից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում