Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, 168.amՓետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ Արցախի հիմնահարցին նվիրված քննարկում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացին՝ նշել է, որ բանակցային գործընթացում պետք է իրականացնել միկրոհեղափոխություն.

«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է` հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը մեկ կամ երկու քայլով լուծել: Ես կարծում եմ, որ մեզ պետք է միկրոհեղափոխություններ ունենալ, որպեսզի դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում կունենանք բանակցային գործընթացում: Որն էր այդ միկրոհեղափոխությունը: 2018-ի սեպտեմբերին ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչո՞ւ է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլ նաև ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, որ ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Իսկ հիմա այդ հեղափոխությունից անցել է ավելի քան 1 տարի: Դա շատ կարևոր միկրոհեղափոխություն է»:

Քննարկման ժամանակ դահլիճից հարց ուղղեցին երկու երկրների ղեկավարներին՝ հետաքրքրվելով, թե հարցի լուծման համար ինչո՞ւ այն չեն ներկայացնում Արդարադատության միջազգային դատարան, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը նշեց, որ Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին և հույս ունի, որ բանակցությունների միջոցով կվերականգնի իր «տարածքային ամբողջականությունը», իսկ եթե բանակցությունները խաթարվեն, ապա այդ տարբերակը կդիտարկեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը նույնպես հավատարիմ է բանակցային գործընթացին, և կրկին մեջբերեց միկրոհեղափոխության գաղափարը։

Ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրողը հարց հնչեցրեց խնդրի փուլային լուծման վերաբերյալ, որի պարագայում Արցախի կարգավիճակի հարցը լուծելու են հետո, և հետաքրքրվեց՝ արդյոք այդ տարբերակը դիտարկո՞ւմ են։

Ըստ Ալիևի, այդ տարբերակն Ադրբեջանի կողմից լրջորեն դիտարկվել է, և իրենք տվել են իրենց համաձայնությունը։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնացրեց մյունխենյան վեց սկզբունքներ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը հանգիստ կարող է դիմել Արդարադատության միջազգային դատարան, սակայն դրա համար պետք է շատ լավ պատրաստվի՝ իրավական, քաղաքական, պատմական, մշակութային և այլ անհրաժեշտ ուղղություններով։

«Ադրբեջանը թող պատրաստվի ու գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք կարող ենք ամեն ինչ այնպես լավ կազմակերպել, որ Ադրբեջանի բոլոր փաստարկները ջախջախենք։ Զարմացած եմ, որ Ալիևի պատկերացումներն այդքան մակերեսային են, մասնավորապես՝ սեփական պատմության իմացությունը, չնայած սա բնական է, քանի որ նրանք այդքան էլ սեփական պատմություն չունեն։ Սա է պատճառը, որ կարծես թե երրորդ դասարանի աշակերտի պատասխաններ լինեին։ Ադրբեջանը որևէ փաստարկ չունի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է հարցի փուլային լուծման տարբերակին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այդ տարբերակը, որը քննարկվում էր՝ նախկինում մերժվել է, և մերժել է հայկական կողմը, այնուհետև մերժվել է նաև ընդհանուր պետության գաղափարն Ադրբեջանի կողմից, և այս ամենն արդեն անցյալում է։

«Այն ձևով, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում հարցի լուծումը՝ անհնարին է, ոչ միայն անհնարին է այն իրականացնել, այլև անտրամաբանական է, այսինքն՝ փուլային տարբերակ ասելով՝ Ադրբեջանը հասկանում է՝ հետևանքների, ոչ թե՝ պատճառի վերացում։ Փուլային տարբերակ ասելով՝ մենք հասկանում ենք քայլերի հաջորդականություն, այսինքն՝ առաջին քայլով Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ ճանաչենք Ադրբեջանին, այնուհետև անցնենք երկրորդ քայլին, իսկ այն, ինչ ասում է Ադրբեջանը, ինչ-որ տեղ «դեժավյուի» նման բան է՝ Արցախին վերադարձնել Ադրբեջանի կազմ, ապամոնտաժելով նրա պետականությունը փուլային տարբերակով, բայց նման բան չի կարող լինել»,- ընդգծեց Դ. Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն Արցախի հարցում իր մոտեցումները չի փոխել, շարունակում է ատելության այն քաղաքականությունը, ինչ եղել է նախկինում, ավելին, նրա հավակնությունները՝ արդեն Երևանի նկատմամբ, ծիծաղելի են դառնում։

«Ծիծաղելի են նաև այն փաստարկները, որոնք Ալիևը բերեց, դահլիճում Մամեդյարովի ծիծաղը, չգիտեմ՝ գուցե նա ինչ-որ բան էր խմել, անլուրջ մարդու տպավորություն էր թողնում, Ալիևի կինն էր այնտեղ նստած, և այս ամենը ցույց է տալիս այն մթնոլորտը, որն Ադրբեջանում է»,– եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում