«Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, և այդ ինը դատական հայցից երեքը ներկայացրել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները. այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նա նշեց, որ վերջին երկու տարում բազմաթիվ մարդիկ՝ հատկապես իշխանության ներկայացուցիչներ, հպարտանում են՝ երբեք մամուլն այսքան ազատ չի եղել, որքան 18 թվականի հեղափոխությունից հետո: «Ես նման հայտարարություններին արձագանքում եմ այսպես՝ մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողները, հատկապես խմբագիրները, որովհետև կան դեպքեր, երբ նույնիսկ լրագրողներն ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակում է գործում լրատվամիջոցը»,- նշեց նա:

Օհանյանի խոսքով՝ երբ 2018-ի հեղափոխությունից հետո թերթի դեմ սոցցանցերում սկսեցին հարձակումները, իրենք հուսով էին, որ դա կարճ կտևի, և մարդիկ կհասկանան, որ հայհոյանքներով, վիրավորանքներով, կեղծ փիարով չի կարելի ապրել և չի կարելի դրանցով կառավարել լրատվամիջոցների աշխատանքը: «Պարզվեց՝ մենք լավատես ենք: Դեռ 18-ի օգոստոս-սեպտեմբերին, լրատվամիջոցների մի խումբ ղեկավարելով, հայտարարություն արեցինք, որն առաջին ահազանգն էր ուղղված իշխանություններին: Այդ շրջանում առաջին արշավը սկսվեց «Հրապարակի» դեմ, դա «ոչ հրապարակին» ֆլեշմոբն էր, որը ղեկավարվում էր «Քաղպայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների կողմից, դրանցից ամենաակտիվը, որը ղեկավարեց այդ արշավը, այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է»,- ասաց նա:

Օհանյանը նշեց, որ լրատվամիջոցները ազատ արտահայտվելու հնարավորություն ունեցել են նաև նախորդ տասը տարիներին: «2008-ից «Հրապարակ» օրաթերթը հրապարակվում է, և նախորդ տասը տարիներին չի եղել որևէ թեմա, որևէ հրապարակում, որևէ անձ, որ անձեռնմխելի լինի և որի հետ կապված մենք հնարավորություն չունենանք ազատորեն արտահայտել մեր մտքերը, գրել այն, ինչ ուզում ենք: Այս առումով էական փոփոխություն մեր կյանքում չկան: Ինչ վերաբերում է մնացած բոլոր առումներով մեր աշխատանքին, այդ աշխատանքը շատ-շատ բարդացել է 18 թվականից հետո: Մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 18 թվականն էր, որովհետև որքան էլ, որ մեր երիտասարդ իշխանությունները դեմոկրատիայի լոզունգներով եկել են իշխանության, իրենք թափանցիկությանն այդքան էլ կողմ չեն և հնարավոր բոլոր միջոցները կիրառում են, որ խանգարեն, խոչընդոտեն մեր աշխատանքին»,- հայտարարեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ հիմա իրոք տեղեկատվություն ստանալը շատ է բարդացել: «Դա է պատճառը, որ մենք հիմնականում օգտվում ենք մեր սեփական աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից: Ավելին՝ երբ տեղեկատվություն ունենում ենք և պետք է մի փոքր ճշգրտում ստանանք որևէ պետական մարմնից, պետական մարմինները կարող են բացահայտորեն ու անամոթաբար ստել՝ ճշմարտությունը հերքելու ճանապարհով»,- ասաց նա:

Օհանյանը նշեց, որ վերջերս նման օրինակ են ունեցել՝ կապված տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության հետ: «Վերջերս, երբ տեղեկացել էինք Սուրեն Պապիկյանի դատվածության մասին, դիմեցինք խոսնակին, նա հերքեց, հետո Պապիկյանը դիմեց իրավապահներին, որ պարզեն աղբյուրը: Մեկ-մեկ տպավորություն ունեմ, որ մենք անընդհատ հետ ենք գնում, հետ ենք գլորվում»,- նշեց նա:

Խմբագիրը տեղեկացրեց, որ այդ փաստով նյութեր են ուղարկվել ՀՔԾ, գործ է հարուցվել: «Մենք ամեն րոպե սպասում ենք, որ խմբագրություն կայցելեն ՀՔԾ ներկայացուցիչները և բնականաբար փորձելու են նորից տեղեկատվության աղբյուրը պարզել: Ես չեմ հասկանում՝ ինչի է ուզում հասնել իշխանությունը, որ մենք ընդհանարապես որևէ հրապարակում չանենք իշխանության մեջ գտնվողների հետ կապված, որ նրանց կյանքի մութ էջերը մնան չբացահայտվա՞ծ: Մենք վերջին երկու տարիներին ունեցել ենք 9 դատական հայց, և այդ ինն դատական հայցերից երեքն այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են ներկայացրել»,- հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում