«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան

«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Pastinfo.am«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ վաղը կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու գործընթացում են։

Հարցին, թե արդյո՞ք քարոզչություն կիրականացվի նաև մարզերում, Մելիքյանն ասաց, որ այս պահին դա արդիական չէ, բայց հայտարարությամբ ներկայացված դրույթներն ուժի մեջ են։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը և հանրային հայտը վերաբերում է հարթակ հանդիսանալուն, այլ ոչ թե՝ քարոզչություն իրականացնելուն։

«Մենք քարոզչական այս հարթակը դիտարկելու ենք որպես հարթակ այն քաղաքական ուժերի համար, որոնք ասելիք ունեն այս հակասահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Եթե նախաձեռնող խմբի անդամները հրապարակային դիմեն նաև օրենքով սահմանված ձևաչափերում հանդես գալու համար, ապա բացառապես իրավական տիրույթում, այլ ոչ թե՝ քաղաքական»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որին ներկայացված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

Նախագծի հեղինակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

Ինչպես հայտնի է՝ Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացին, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի։

Գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:

Ռուբեն Մելիքյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ թեեւ համոզված են, որ հանրաքվեն հակասահմանադրական է, այդուհանդերձ այն կայանալու է, ուստի մի խումբ իրավաբաններով ու իրավապաշտպաններով որոշել են ձեւավորել «Ոչ»-ի շտաբ։

«ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։

Նախաձեռնության նպատակներն են՝

1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։

2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։

Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»,- նշել էր Ռ.Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում