Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԽորհուրդ չեմ տալիս սպասել իշխանություններից կամ ազդեցություն ունեցող տարբեր ուժերից նման կոչերի, որովհետև, որպես կանոն, նման ուժերը այլ կոչերով են հանդես գալիս և ավելին՝ հենց իրենք են դառնում հանրության և լրատվամիջոցների միջև այդ մրցակցությունը առաջացնող ֆինանսավորող քարոզող ուժ: Այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե բևեռացվածության արդյունքում տուժում է մամուլը, և իշխանությունը պետք է կոչ անի, որ այն հարթվի:

«Դա վկայում է որոշակի արհամարհանքի մասին, որ գոյություն ունի ուժեղների շրջանում դեպի լրատվամիջոցներ, որոնք ընդամենն օգտագործում են այդ լրատվամիջոցները՝ որպես գործիքներ, և հաճախ այդ ընթերցողը, լսարանը, դառնում են գործիք այդ ուժերի ձեռքում: Դրա համար սպասել, որ կոչերով նման խնդիրները կհաղթահարվեն, չի կարելի, չեն հաղթահարվելու: Զարգացումը պետք է լինի բնական ճանապարհով: Ժամանակի ընթացքում շատ լրատվամիջոցներ դուրս են մնացել դաշտից զուտ անորակ նյութ մատուցելու, կամ չափազանց շատ օգտագործվելու պատճառով, կամաց-կամաց դաշտը զտվում է»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծվում են մեկ-երկու օր կյանք ունեցող լրատվամիջոցներ. «Բայց կարծում եմ՝ որևէ մեկը չի վիճի, որ Հայաստանում կան լրատվամիջոցներ, թերթեր, ՀԸ-եր, որոնք տարիներ շարունակ դիմագրավել են այդ փորձություններին և արդեն այդ տարիների փորձերից ձևավորել են մի հանրույթ, և կամաց-կամաց այդ հանրույթը կտրվում է դրա տակ գոյություն ունեցող տեղեկատվական աղբից»,- հայտարարեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ եթե ժամանակ է անհրաժեշտ, որ հստակ տարանջատումներ մտցվեն իրական լրատվամիջոցի և քարոզչամիջոցների կամ պարզապես ցեխ շպրտելու գործիքների միջև, ուրեմն պետք է այդ ժամանակները ապրել, դիմանալ, համբերել, մինչև այդ զտումը վերջնականորեն կիրականացվի: «Դա դժվար է իրականացվելու, որովհետև մենք հիմա խոսում ենք ճնշումների մասին, որոնք կարծես թե հաղթահարված էին, բայց տեսնում ենք՝ չէ այդ խնդիրները դեռևս գոյություն ունեն, ավելի սուր են դրվում և տենդեցների նման ընթացքի պարագայում խոսելու ենք ոչ թե անցյալի մասին, այլ ապագայում սպասվող ճնշումների»,- ասաց նա և հավելեց.

«Վախենում եմ՝ կանգնենք մի փաստի առջև, որ այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, ընդամենը թիթեռնիկներ թվան, որովհետև տեսնում ենք, որ հստակ մշակված քաղաքականություն կա լրատվամիջոցները վարկաբեկելու, լռեցնելու և նրանց դեմն առնելու, լիարժեք վերահսկողություն սահմանելու տեսանկյունից»:

Նրա խոսքով՝ մամուլի դեմ դրվել է առաջին թնդանոթը, և կարևոր է առաջին թնդանոթը տեսնելուց հետո իսկապես փորձել ուղերձներ հղել նախևառաջ մեր հանրությանը, որովհետև հանրությունն է զրկվելու հետագայում տարբեր կարծիքներ լսելու, համեմատելու հնարավորությունից:

«Երբ մենք այստեղ նստած խոսում ենք, մեզ բոլորիս նախշել են լրատվամիջոցների ուղիղ եթերների մեկնաբանություններում: Տեսել եմ լրատվականների ուղիղ եթերները՝ ատելության խոսք, թշնամանք, հայհոյանքներ, և այդ ամենը միանշանակ արվում է ուղղորդված, նպատակը լրատվական դաշտի և ազատ տեղեկատվության իսպառ վերացումն է»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում