Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան

Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ առաջարկել են օրենսդրական փաթեթներ, որտեղ ներառված է նաև պատասխանատվություն ՝ փաստաբանին վիրավորելու համար:

«Առաջարկում ենք փաստաբանին իր գործունեության ընթացքում վիրավորելը քրեականացնել: Բացատրելով, որ դա ոչ թե փաստաբանի պատիվը, արժանապատվությունը պահելու խնդիր է հետապնդում, այլ փաստաբանի վստահորդին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու : Եթե փաստաբանի վրա հայհոյանքը կամ վիրավորանքը սառեցնող ազդեցություն գործեց, ապա ի վերջո դրանից տուժելու է վստահորդը»,- պարզաբանեց նա:

Զոհրաբյանը նաև նշեց, որ նախագիծն այդպես էլ մնացել է թղթի վրա, թեև փաստաբանական խորհրդն այն հաստատել է:

Մեկ այլ նախագիծ ևս ներկայացվել է, որը վերաբերում է առհասարակ համացանցում հայհոյանքի քրեականացմանը:

«Ցավոք հասարակության մի խմբի համար, դա դարձել է որպես գործիք: Եթե շենքի բակում հայհոյողին տեսնողն է միայն բացասական աղդեցությունը զգում, ապա համացանցում սերունդները կարող են մտնել,կարդալ և նույն բացասական աղդեցությունը ունենալ»,– ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով, որ այս նախագիծը ևս մնացել է թղթի վրա գրված:

Փաստաբանների պալատի նախագահը նաև անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների վրա ազդելու փաստաբանների գործիքներին: Այս համատեքստում տեղեկացրեց , որ հունվարի 23-ին ստեղծել են աշխատանքային խումբ, որը վերհանելու է 2018 թվականի հունվարի 1-ից առ այսօր տեղի ունեցած բոլոր միջադեպերը և փորձելու են դրա արդյունքում ստեղծել մի մեծ զեկույց կամ տեղեկանք, որը կներկայացվի միջազգային կառույցներին:

Փաստաբանները, նրա խոսքով, չունեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը:

«Եվ եթե փաստաբանի նկատմամբ ճնշում է լինում, ապա մյուս փաստաբաններն են փորձում աջակցել, թիկունքին կանգնել: Նման դեպքեր եղել են»,- ասաց Զոհրաբյանը՝ միաժամանակ չբացառելով, որ եթե փաստաբանների վերհանած խնդիրներին ուշադրություն չդարձվի, ապա պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում