Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ

Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև քննարկումը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղյան հակամարտության ընդունելի կարգավորում գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն օգուտ չի բերում կարգավորման գործընթացին: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«Իր այսպես կոչված «միկրոհեղափոխությունը» համառորեն գովազդելու Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը թերևս անձնական PR-ն է: Վարչապետը սկզբում հպարտանում էր, որ ինքը Հայաստանի առանջորդներից միակն է, որ նման հայտարարություն է արել, իսկ հիմա՝ որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն է», – նշում է Վարդանյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այդկերպ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ապակառուցողական է, Վարդանյանը նշում է. «Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացում ապակառուցողականության բազմաթիվ ապացույցներ ունենալով` նման խնդրահարույց հայտարարություն անել դա ցույց տալու համար ուղղակի անտրամաբանական է»:

Փորձագետի կարծիքով՝ վարչապետի այս PR պլանը այժմ աշխատում է ի վնաս իրեն և Հայաստանի հեղինակությանը: «Ու խնդիրը միայն այն չէ, որ երեք ժողովուրդների համար կարգավորման ընդունելի լինելու մասին այդ բանաձևը լուրջ մարտահրավերներ է պարունակում հայկական կողմերի համար, քանի որ հարցականի տակ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու հնարավորություն է ստեղծում», – նշում է նա:

«Ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ղեկավարը երկու տարի շարունակ խնդրում է Ադրբեջանի ղեկավարին անել մի հայտարարություն՝ անգամ ունենալով վերջինիս պատասխանը», – նշում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահն արդեն մեկ անգամ ուղիղ տեքստով պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի սիրելի այս հայտարարությանը Վալդայում՝ ներկայացնելով Ադրբեջանի ժողովրդի համար կարգավորման միակ ընդունելի տարբերակը՝ կարգավորում Ադրբեջանի տարածաքային ամբողջականության շրջանակներում:

«Ալիևը Մյունխենում վերահաստատեց Վալդայում հնչեցրած իր այդ պատասխան: Սակայն Փաշինյան չի հանձնվում: Մյունխենից հետո վարչապետը ֆեյբուքյան իր էջում գրառում կատարեց «Մյունխենյան սկզբունքների» մասին՝ ներառելով նաև երեք ժողովուրդների համար ընդունելի կարգավորման մասինիր թեզը», – եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում