«Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը

«Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը

«Բանակում առավել կարևոր հարց կա՞, քան զինվորների ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով լվանալն է: Սա ոչ թե հռետորական հարց է, այլ երկրի թիվ մեկ դեմքի հայտարարու­թյունը արված քաղաքական թիվ մեկ ամբիոնից՝ Ազգային ժողովի դահլիճից: Նա վստահեցնում է, որ բանակի խնդիրների առյուծի բաժինը կապ­ված է այն հանգամանքի հետ, որ զինվորներն իրենց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով չեն լվանում, քանի որ քրեական ենթամշակույթի կրող են:

Անկեղծ ասած, չգիտեմ, թե հիգիենան երբ է ստորադասվել քրեական ենթամշակույթին, բայց դժվար թե գտնվի շարքային մեկ այլ քաղաքացի, որ համաձայնի նույն լվացքի մեքե­նայով լվանալ իր ու բոլորովին անծանոթ մեկի հագուստը: Եթե զինվորները նույնիսկ ոչ թե հիգիենայի կանոններից, այլ քրեածին բարքերից ելնելով են այդ կերպ մտածում ու վարվում, միևնույն է, այդ ամենի մեջ սխալ տրամաբանու­թյուն չկա: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, ավելին՝ տարակուսելի է համարում, թե ինչպե՞ս կարելի է տարբեր մարդկանց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայի մեջ լվանալու մեջ վատ բան տեսնել, ապա առաջարկում ենք մեկտեղել բոլոր նախարարների ներքնաշորերն ու փռել նույն պարանին:

Ի դեպ. Նիկոլ Փաշինյանն այն թիվ մեկ պաշտոնյան է, որ ընդդիմա­դիր եղած ժամանակահատվածում Ազգային ժո­ղովի ամբիոնից պարբերաբար բոցաշունչ ելույթներ էր ունենում, թե ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ զինվորի գուլպայի, ներքնաշորի ու հի­գիենայի այլ պարագաների համար ծնողը մտահոգվի: Պարոն վարչապետը բավական խիստ ու կոշտ էր որակում այն չինովնիկներին, որ այդ ամենի պատասխանատուն էին: Վարչապետն այժմ, ըստ երևույթին, մի շարք ելույթների նման նաև սրա մասին է մոռացել, բայց զինվորների գուլպայի. կոնֆետի ու տարբեր պարագաների մասին ծնողն է հոգում:

Մի քանի տարի առաջ նախկին իշխանու­թյունները, օրինակ, այսպիսի լուծում էին մտա­ծել. ամեն զինվորի համար անվանական հա­տուկ ցանց-պարկ էին ստեղծել: Զինվորներն իրենց ներքնաշորերը դնում են պարկի մեջ, որ լվացքի ժամանակ այն դուրս չգա: Պրակտիկան, մեկ անգամ կիրառվելուց հետո, սակայն, դուրս է մղվում: Կարծում ենք՝ խնդիրը կարգավորելու լավագույն լուծումը գումար չխնայելն ու զին-վորներին պարբերաբար նոր ներքնաշորեր տրամադրելն է:

Նշենք, որ բանակում ներքնաշորերի հարցը Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր պատգա­մավորի այն հարցին, թե մտահոգիչ չե՞ն արդյոք վերջին շրջանում բանակում գրանցվող միջադե­պերը, երբ զինվորները զոհվում են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ խաղաղ պայմաններում:

Վարչապետը, փաստացի, շրջանցեց հարցը, ու մինչ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել, թե բանակում ինչ է կատարվում: 2020-ի հունվարից մինչ օրս դեռևս չպարզված հանգամանքներում 13 զինծառայող է զոհվել, կամ սպանվել է ծառա­յակցի կողմից, կամ ինքնասպանության են դրդել: Իսկ այս ամենի ֆոնին երկրի գերագույն գլ­խավոր հրամանատարին հուզող միակ հարցն այն է, թե ինչու զինվորները ներքնաշոր չեն լվա­նում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում