Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին

Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Եթե չլիներ «Ոչ»-ի քարոզչություն, ապա հնարավոր չէր լինի մեր քաղաքացիներին հասու դարձնել՝ ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույց ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի նոր հայտ ներկայացնելուն։

«Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլև խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին, ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից՝ մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե բացի հակասահմանադրականությունից խնդիր հարուցվի նաև արդարացիությունն այս գործընթացում»,- ասաց նա։

Մելիքյանը ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբով ցանկություն և ժամանակ չունեն շատ ակտիվ քարոզարշավ իրականացնելու, մարզերով պտտվելու և այլն: «Մենք քաղաքական գործիչներ չենք և չենք պատրաստվում դառնալ։ Այստեղ մեր մասնակցությամբ լեգիտիմության խնդիր չենք տեսնում, իրավաբանների համար լեգիտիմություն և ոչ լեգիտիմություն չկա, այլ կա իրավաչափություն և ոչ իրավաչափություն»։

Դիտարկմանը՝ թե իշխանությունն ասել է, որ հանրաքվեն վստահության գործընթաց է, Մելիքյանը պատասխանեց, որ քվեաթերթիկում կոնկրետ հարց է լինելու, որտեղ վստահության հարց չկա, սակայն հույս հայտնեց, որ հանրաքվեի ընթացքում փոփոխությունները չեն ընդունվի և ամեն ինչ իր բնականոն հունով կգնա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում