Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա

Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am«Ընդհանուր նպատակի առումով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ի սկզբանե չէր կարող արդյունավետ լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով, հանդիպման ձևաչափն այնպիսին էր, որ ղեկավարներն իրար անընդհատ ոչ բովանդակային պատասխաններ էին տալիս, արդյունքում՝ բուն բանակցային գործընթացի մասին քննարկում չեղավ։

«Քանի որ հիմնականում բանակցություններն անցնում են փակ ռեժիմով, այս հանդիպումը մեզ համար պետք է լիներ հնարավորություն՝ ծանոթանալու իրավիճակին, որ լինում է բանակցային գործընթացներում։ Բայց այդ պատկերը մենք չստացանք։ Հանդիպումը շոու էր իրականում երկու կողմի համար էլ։ Հայակական կողմը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, ադրբեջանական կողմն էլ համարում է, որ հաղթեց Ալիևը։ Տակը մնում է թեմայի շուրջ բովանդակային դիսկուրսի բացակայություն»,– ասաց Էլիբեգովան։

Ադրբեջանագետի կարծիքով, հանդիպման ընթացքում առաջին ուշագրավ պահը միկրոհեղափոխությունների մասին նոր թեզի ներմուծումն էր։ Նա նշեց, որ այդքան էլ պարզ չէր միկրոհեղափոխության բովանդակությունը.

«Վերջին շրջանում հաճախ է լինում, որ նետվում է նոր քարոզչական կամ դիվանագիտական թեզ, որը հանրության համար հասկանալի չէ։ Դա այդքան էլ լավ չի, քանի որ տալիս է հնարավորություն՝ երևույթը տարբեր ձևերով մեկնաբանելու։ Օրինակ, երբ մենք ասում ենք՝ Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ, և չի բացատրվում՝ ինչու է օգտագործվում այդ ձևակերպումը, ադրբեջանական կողմը շատ արագ դա սկսում է օգտագործել իրենց, այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի պատգամավոր դառնալու պարագայում, ֆիքսում է, որ ահա, նա էլ է ընտրյալ ներկայացուցիչ, որովհետև վիրտուալ ընտրատեղամասով ընտրվել է, դարձել է վիրտուալ ադրբեջանցիների ներկայացուցիչ։ Այսինքն՝ կամ մեզ պետք է շատ հստակ բացատրեն տերմինները, որոնք ներմուծվում են, կամ պետք է խուսափենք նման թեզեր առաջ քաշելուց»։

Էլիբեգովան ասաց, որ ռուս լրագրողի հարցին՝ արդյո՞ք կողմերն ընդունում են խնդրի կարգավորման Ռուսաստանի առաջարկած փուլային տարբերկին Ադրբեջանը բնականաբար կողմ պետք է պատասխաներ, բայց Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության դա չհերքեց ոչ մի կերպ։

«Նա ասաց, որ պետք է միկրոհեղափոխություններով առաջ գնանք, այինքն՝ էլի փուլերով։ Բայց հայկական կողմի համար փուլային տարբերակն անընդունելի է։ Մենք միշտ եղել ենք փաթեթային տարբերակի կողմնակից, մեզ համար կարևոր և առանցքային էր Արցախի ստասուսի հարցը։ Իսկ փուլայինի դեպքում, Արցախի ստասուսի հարցը անհայտ ժամանակով մնում է չլուծված։ Եթե մեզ համար փուլային տարբերակը ընդունելի չէ, կարծում եմ, որ պետք է դա պաշտոնապես ֆիքսվեր»,- նշեց Էլիբեգովան։

Ադրբեջանագետն առանձնացրեց նաև փաստը, որ միջազգային հանրությանն ընդհանրապես հետաքրքիր չէ ով, երբ և որքան է ապրել տարածաշրջանում.

«Երբ մենք խոսում ենք Տիգրան Մեծից, իրենք էլ իրենց միջնադարից, դա ոչ մեկին հետաքրքիր չէ, քանի որ այդտեղ հավաքվածների մեծ մասի պետություններն էլ Տիգրան Մեծի ժամանակ գոյություն չունեին, և իրենց պետք է բացատրել այն, ինչ կա այսօր։ Իսկ այսօր կա Ադրբեջանի կողմից հայատյացություն, ֆաշիզմ և Արցախի բնակիչների իրավունքների խախտում։ Դա պետք է միջազգային հանրությանն ասել, որպեսզի պատասխանենք այն հարցին՝ ինչու մենք չենք կարող իրենց կողքին անվտանգ ապրել։ Երբ մենք առաջ ենք քաշում թեզ՝ այդ տարածքները մեզ համար անվտանգություն են, միջազգային հանրությունը չի հասկանում դա, իրենց պետք է բացատրել՝ ֆիզիկական անվտանգության հարց է։ Մենք ունենք քառօրյա պատերազմ, երբ ադրբեջանիցները մի փոքր հնարավորություն ստացան մոտ գալու խաղաղ բնակչությանը, սկսեցին խոշտանգել նրան։ Դա իրավիճակ է, որը չի փոխվել Ադրբեջանում և միտում էլ չունի փոխելու»։

Պատմական ակնարկներն, ըստ Էլիբեգովայի, որևէ մեկին հետաքրքիր չեն, պետք էր խոսել Ալիևի հայատյացությունից և այն հայտարարությունից, որ ողջ հայ ժողովուրդը Ադրբեջանի համար մեկ թշնամին է։

Էլիբեգովան ասաց, որ գերադասելի կլիներ, եթե Ալիևի դիմաց նստած լիներ Արցախի ղեկավարը։ Եթե բարձրացվում է Արցախի սուբյեկտայնության հարցը, ապա նման ֆորմատով պետք է Արցախի ղեկավարն այդտեղ նստած լիներ, այլ ոչ ՀՀ ղեկավարը։

«Կարևոր էր նաև, որ ֆիքսվեց՝ Դուշամբեի վերելակային պայմանավորվածություններն, այնուամենայնիվ, խախտվում են։ Եվ Ալիևը խոսեց զոհի մասին, և Փաշինյանը խոսեց վիրավորի մասին։ Ինչու է խախտվել պայմանավորվածությունը, քանի որ կողմերը այն կատարելու պարտավորվածություն չունեն։ Դա բարի կամքի դրսևորում էր, որը կուզեն կպահեն, կուզեն չեն պահի։ Դա բանակցային գործընթացի մաս չի կարող լինել»,- ասաց Էլիբեգովան։

Մյունխենյան սկզբունքները ևս, ըստ ադրբեջանագետի, պարզաբանման կարիք ունեն. «Ես շատ կուզեի, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպման փոխարեն լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ Արցախի Հանրապետություն։ Բացի այդտեղ պետք է ֆիքսված լինել ԼՂՀ ղեկավար ձևակերպումը՝ որպես հանդիպման կողմ։ Երրորդը ես շատ կուզեի լսել, որ Արցախը երբեք և որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ դա մեր դիրքորոշումն է եղել միշտ։ Հաջորդը երեք կողմերի համար ընդունելի լուծումն է, որը դաշտ է նետվում առանց նշվելու՝ ինչ է դա ենթադրում։ Պնդում արվեց, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդը պատրաստ է այդ լուծումը գտնել, ես այդ հայտարարությունը չէի անի, մենք արդյո՞ք պատրաստ ենք Ադրբեջանի համար ընդունելի լուծում փնտրելու։ Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին»։
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում