Մեղավորները նշանակված են

Մեղավորները նշանակված են

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արդեն երկու օր է, ինչ հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ և ԱՀ զինված ուժերում պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ կլինեն։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին, Ռազմական Ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանին: Թեև այս լուրերը պաշտոնապես դեռևս չեն հաստատվել, բայց ԶՈՒ մեր աղբյուրները հաստատում են տարածվող տեղեկատվությունը։ Առանց կոնկրետ անուններ նշելու այդ լուրերն այսօր հաստատել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Պետք է նշել, որ նման որոշում, ըստ ամենայնի, կայացվել է նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ անցկացված խորհրդակցության արդյունքում։ Հիշեցնեմ՝ խնդիրը վերաբերվում է Հայոց Բանակում վերջին շրջանում շատացած մահվան դեպքերին. միայն վերջին մեկուկես ամիսների ընթացքում ունեցել ենք 13 ցավալի կորուստ։ Այս փաստը առաջ է բերել հասարակական լայն շերտերի դժգոհությունը և սպասելի էր, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է Բանակում կարգուկանոն հաստատելուն և բարոյահոգեբանական վիճակը վերականգնելուն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկի։

Անսպասելին, թերևս, մեղավորներ նշանակելու մարտավարությունն է։ Փաստորեն զինված ուժերում առկա խնդիրները հասկանալու փոխարեն, Հայաստանի իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով՝ պարզապես կադրային տեղափոխություններ անել և հուսալ, որ դրանից հետո ամեն ինչ լավ կլինի։

Մինչդեռ այս հարցին միանգամայն այլ լուծում էր պետք տալ։ Օրինակ, վարչապետի մոտ նախօրեին կայացած քննարկման ժամանակ ներկա բարձրաստիճան զինվորականները կարող էին հուշել նրան, որ չի կարելի զինվորներն այնքան «դուխ տալ», որ վերջիններս սկսեն թքած ունենալ թե՛ կարգուկանոնի և թե՛ վերադասին ենթարկվելու անհրաժեշտության վրա։ Կամ բացատրել վարչապետին, որ չի կարելի թիրախավորել Բանակի սպայական անձնակազմը և նրանց համար գրեթե անտանելի ծառայության պայմաններ ստեղծել։ Էլի շատ բաներ էր կարելի հասկացնել Փաշինյանին, ինչը սակայն չարվեց։ Փոխարենը որոշեցին 13 մահացած զինվորների կյանքը «թողնել» նշանակված մեղավորների խղճին։ Կբարելավվի՞ արդյոք դրանից հետո իրավիճակը բանակում։ Իհարկե ոչ։ Եթե չասենք հակառակը։ Բայց դա մեր իշխանությունների գործելաոճը։ Այլ բան, թերևս, չէր կարելի սպասել նրանցից։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում