«Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը

«Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սիրիայի դեմ Թուրքիայի հնարավոր գործողությունն անվանել է «ամենավատ սցենարն Իդլիբում, եթե այն անցկացվի այդ երկրի օրինական իշխանությունների և զինված ուժերի դեմ»: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Եկեք եզրակացություններ չանենք՝ ելնելով ամենավատ սցենարներից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Էրդողանը ռազմական գործողություններ սկսի Սիրիայի տարածքում:

Կրեմլի ներկայացուցիչը ավելացրել է, որ «եթե խոսքը վերաբերում է օրինական իշխանությունների և Սիրիայի զինված ուժերի նկատմամբ գործողություն անցկացնելուն, ապա դա, իհարկե, դեպքերի զարգացման վատագույն տարբերակն է»:

Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թուրքական կողմի հետ, որպեսզի թույլ չտա, որ իրավիճակը Իդլիբում գնա դեպի ճգնաժամ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան բավարարված է Սիրիայի հարցում Թուրքիայի հետ վերջին պայմանավորվածություններով, Պեսկովը նշել է. «Մենք բավարարված էինք այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել ավելի քան մեկ տարի առաջ Սոչիում, և դա փոխադարձ բավարարվածություն էր: Բայց մենք դադարեցինք բավարարված լինել, երբ Իդլիբի տարածքից զինյալների և ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումներ սկսվեցին Սիրիայի զինված ուժերի և ռուսական ռազմական օբյեկտների նկատմամբ: Դրանով մեր բավարարվածությունը վերջացավ»:

Պեսկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «թուրքական կողմի հետ շփումները կշարունակվեն ամենատարբեր մակարդակներով»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բավարար արդյունքի չի հասել Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում