Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք

Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին Twitter-ում տեղեկացրել է, որ րոպեներ առաջ առողջապահության նախարարը հաստատել է Կում քաղաքում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդերի մասին տեղեկությունը:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքերի մասին՝ նշելով, որ դրանք նախնական վերլուծության արդյունքներ են և որ լրացուցիչ հետազոտություններ կանցկացվեն հիվանդության փաստացիութունը հաստատելու համար:

Առողջապահության նախարարությունը հայտնել է նաև կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման մասին:

Կորոնավիրուսի նոր տեսակով վարակման հաստատված դեպքերի թիվն աճում է ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ներկայում Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմում է 1011: Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 75 196 դեպք, որից միայն 74 185-ը՝ Չինաստանում:

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2004-ի: Երկրի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում