«Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա

«Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա

«Հայաստանում ներքաղաքական գործընթացները նոր շրջափուլ են թևակոխում, որի առանցքը հիմնականում պտտվելու է առաջիկա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է կռահել, քանի որ մեր պարագայում հնարավոր են շատ ու շատ անկանխատեսելի զարգացումներ։

Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ամբողջովին իրենց վրա են կլանում հանրության ուշադրությունը։ Մեզանում հասարակությունը առավել քան քաղաքականացված է։

Եվ գրեթե բոլորը կարծում են, թե գլուխ են հանում քաղաքականությունից։ Քաղաքականության նկատմամբ հանրության հատուկ հետաքրքրությունը թերևս պայմանավորված է ինչպես Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքով, այնպես էլ մեր երկրում ոչ կայուն ներքաղաքական, ինչու ոչ՝ նաև սոցիալ-տնտեսական վիճակով։

Այնինչ, բազմաթիվ զարգացած երկրներում մեծ թվով մարդիկ, ապահովված լինելով աշխատանքով և համապատասխան ապրուստի միջոցներով, չեն էլ հետաքրքրվում, թե ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում երկրում։

Նրանք ապրում են իրենց պրոբլեմներով, իսկ քաղաքական տեղաշարժերը մեծ հաշվով լուրջ փոփոխություններ չեն բերում նրանց կյանքում։

Քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այդ ոլորտում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել։

Իսկ մեզանում հակառակն է՝ ժամանակի հետ քաղաքականություն են մուտք գործում մարդիկ, որոնք ոչ միայն պատկերացում չունեն քաղաքական գործընթացների տրամաբանությունից, այլև որևէ աղերս չունեն քաղաքականության հետ, բայց ինչ-որ խարիզմատիկ գործչի ստվերի ներքո իրենց քաղաքական գործիչ են երևակայում։

Այդպես եղավ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ պատգամավորներ և բարձր պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել, որ այդպիսի դիրքի կարող են արժանանալ, ավելին՝ կարող են քաղաքական «դատողություններ» անել։

Բայց նշված խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։ 2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իր շարժումը, երեխաներին ակտիվ կոչեր էր անում դասադուլ կազմակերպել և միանալ իրեն՝ նրանց ներգրավելով իր կազմակերպած ցույցերին և երթերին։

Այնինչ, պետք է հաշվի առնել, որ երեխաների մոտ դեռևս քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը ցանկալի բարձր մակարդակի վրա չէ, որպեսզի նրանք հասկանան քաղաքական զարգացումների նրբությունները։

Կարելի է պնդել նաև, որ հենց այսպիսի քայլերի արդյունքում է, որ քաղաքականությունը գրեթե արժեզրկվել է։

Դրան էլ գումարվում է սոցցանցերում հետևողական ատելության քարոզը, որի հոսանքի տակ բազմաթիվ իրական օգտատերեր՝ մեծ թե փոքր, առանց երկար-բարակ մտածելու հայտնվում են քաղաքական մրցակիցների հասցեին հայհոյանքներ և թշնամական մեկնաբանություններ տարածողների դերում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում