Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան

Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Trert.am: Սա ինչ երկիր է, որ ես ներդնեմ, անընդհատ ասֆալտին խփել, պատին խփել, անհիմն մարդկանց ձերբակալել, մարդկանց չեն էլ ասում՝ ինչու են ձերբակալել, այս հարցերը պետք է լուծել: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ներդրումներին: Նա նշեց, որ Հայաստանում ներդրում չէր անի, և այս երկրում նույնիսկ որոշված չէ ինչ է ներդրումը:

«Կա թալանված բան, կոնկրետ մարդուն դատեք, այս ինչ տոնայնությունն է, մարդ կա կյանքը, առողջություն է դրել, մարդ կա, եթե չլիներ կառավարության էդ շենքում, այսօր Հայաստանը չէր լինելու: Ես սկզբում ուզում էի օգնել Փաշինյանի կառավարությանը, ես Փաշինյանին լավ եմ ճանաչում, մտածում էի, որ կարող ուզենան երկրում լավ բան անել, բայց չէ, այդպիսի բան չկա»,– ասաց նա: Նախկին վարչապետն ասաց, որ այս երկու տարվա մեջ չի կարող մի հարց ասել, որ ներդրողի համար լուծել են:

«Թող Սերժ Թանկյանը գա ներդրում անի և այստեղ երկու օր ապրի: Ի դեպ, նա շատ հետաքրքիր, օրիգինալ տղա է, ես հիշում եմ, որ 2015թ. եկել, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին էր պաշտպանում: Սրանք կիսասորոսական մոտեցումներ ունեցող մարդիկ են»,- ասաց նա:

Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը ներդրում արտահանող երկիր է, Հայաստանը ֆինանսավորող երկիր է: «Պարզապես, իրականում փորձ է արվում դեմագոգիկ արժեքները մատուցել, որպես իրականություն»,-հավելեց նա:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներդրումների հետ կապելու փորձերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանը կապ չունեն ներդրումների հետ, քանի որ ներդրողի համար կապ չունի, թե ով է Սահմանադրական դատարանի նախագահը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարություն չկա և ոլորտը բարձիթողի վիճակում է: «Գյուղատնտեսության նախարարությունը փակելով՝ կառավարության մտքինն այն էր, որ գյուղատնտեսությամբ զբաղվող չկա, գնացեք ոնց կուզեք յոլա գնացեք: Իրենք երեք տոկոս անկում են ցույց տվել անցած տարի, հնարավոր է անկումը շատ ավելի շատ է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մասնավոր հատվածի մեծ մասի աշխատավարձը հիսուն տոկոսից ավելի իջեցրել են, և հատկապես, էլիտայի և նախարարների աշխատավարձն է աճել: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատողների պարգևավճարիների մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինչ տարբերություն կաշառք ես վերցնում, թե՞ պարգևավճար:

Նա ասաց, որ երբ մարդուն 15 ամսվա պարգևավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: «Ստացվում է իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, և ասում եմ՝ Ատոմ ջան այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, սա՛, գանձագողություն չէ, ի՞նչ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ նա ասաց, թե ինչով է դա ավելի լավ նախկինում գործող համակարգից: «Կամ ինչու պետք է վարչապետի կինը, օգտագործելով վարչապետի անունը, ֆինանսական ֆոնդ ունենա, դա տեղով կոռուպցիա է, և եթե վարչապետը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ՝ թող սկսի այդ ֆոնդերից: Դա արտաբյուջետային ֆոնդ է, որին ես դեմ եմ, դա հենց այնպես բարեգործական չէ, քանի որ վարչապետի կինը պաշտոնյա է»,– ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ կառավարությունը տնտեսական աճն ավելի է գրել: «Ամեն տարի աճ են գրել, բացառությամբ Բագրատյանի կամ առաջին կառավարության՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ժամանակ այդպիսի բաներ չի եղել, մարդիկ նույնիսկ պատժվել են՝ աճը չափազանցնելու համար: Հետո տեսել ենք, թե ոնց տակից դուրս գանք, այսքան որ աճում ենք, Վրաստանը պետք է վաղուց հետ ընկած լիներ: Սա ահավոր հանցագործություն է, սա թող հաղորդում լինի դատախազության համար, հաղորդում լինի վիճվարչության պետի, որ 23 տարի այս հանցագործությունն արել է, այս ահավոր հանցագործության համար, այս երկրում պետք է պատժվե՞ն»,- ասաց նա և նշեց, որ այդ գործով Համաշխարհային բանկին նամակ է գրել և հորդորել է դիմել վիճակագրական կոմիտե: Ըստ նրա ինստիտուցիոնալ կոռուպցիա է ներկայումս իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում