Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը

Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` զգուշանալով նոր` COVID-2019 կորոնավիրուսի տարածումից: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Իրաքի պաշտոնյաներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի պատճառով մահվան 2 դեպքի մասին:

Իրաքի առողջապահության նախարարությունն այսպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը բացատրել է «երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորափոխադրումներով, որը կրոնական ուխտագնացության ժամանակ հասնում է մի քանի միլիոն մարդու, ինչպես նաև ուղևորներին զննելու և կարանտինային պայմաններում պահելու ընթացակարգեր ներառող կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու դժվարություններով»:

Միևնույն ժամանակ, իշխանությունները սահմանը չեն փակում Իրանից վերադարձող իրաքցիների համար, սակայն վերադառնալուն պես նրանք պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:

Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են չվերթները դեպի Իրան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացի է մահացել: Այս դեպքից հետո Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում