Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ

Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուս հայտնաբերելու դեպքերի հետ կապված «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի է ուժեղացվել, որպեսզի կանխվի համաճարակի՝ Հայաստան ներթափանցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։

«Կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերից հետո Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անմիջապես քննարկել է ուժեղացված վերահսկողական աշխատանքների անցնելու հարցերը։ Տեսչական մարմինը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ-կետ ևս երկու աշխատակից է գործուղել»,– ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ նկատի առնելով, որ Իրանում կան համաճարակային դեպքեր և որպես հարևան երկիր՝ դեպի Հայաստան հոսքը կարող է ավելանալ՝ Մեղրիի անցակետում երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն ավելի մեծ թիմով են իրականացվում, չնայած, որ նախկինում ևս հսկողություն եղել է։

Նա նշեց, որ բացի «Մեղրիի» անցակետից, մյուս անցակետերում ևս հսկողություն է սահմանված։ «Հատկապես, Չինաստանից եկողների համար լրացվում են հասցեական քարտեր, ստուգվում է բոլորի առողջական վիճակը, իսկ 37 և ավելի ջերմության դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում են»։

Հիշեցնենք, Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 5 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, սակայն ԱՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում