Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա

Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԹուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա: Այս մասին տեղեկացնում է milligazete.com.tr կայքը:

Հաղորդվում է, որ երեկ` փետրվարի 20-ին, ռուսական ռազմական բեռնափոխադրող Տու-154Մ ինքնաթիռը և Սու-24 կործանիչները ստիպված են եղել շրջանցել Թուրքիայի օդային տարածքը, թռչել Կասպից ծովի վրայով և Իրանի ու Իրաքի տարածքով մտնել Սիրիա:

Նշվում է, որ ռուսական ինքնաթիռները զենք և զինամթերք էին տեղափոխում Սիրիա և մատակարարում երկրի կառավարական ուժերին, որոնք Իդլիբում ռազմական գործողություններ են իրականացնում թրքամետ ընդդիմադիր ուժերի դեմ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում