Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀայաստան-Իրան սահմանը փակելն այս պահի դրությամբ ամենաարդյունավետ քայլն է, որ ինչ-որ չափով նվազեցնում է կորոնավիրուսի՝ Հայաստան հասնելու ռիսկերը: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը:

Ինչ վերաբերում է արդեն Հայաստանում գտնվող Իրանից ժամանած անձանց, ըստ համաճարակաբանի, տեսականորեն հնարավոր է նրանց բոլորին ստուգել՝ պարզելու վիրուսի առկայությունը:

«Ըստ Առողջապահության նախարարության՝ դիագնոստիկ միջոցներ կան. եթե բավական մեծ պաշար լինի անալիզ անելու համար, ապա տեսականորեն հնարավոր է բոլորին ստուգելով՝ բացառել կամ հաստատել վիրուսի առկայությունը»,-նշեց Զաքարյանը:

Վերջինս ընդգծեց՝ միայն մարդու ջերմությունը չափելու դեպքում վիրուսը հնարավոր չէ բացահայտել. «Վիրուսն ինկուբացիոն շրջան ունի, որի ժամանակ որևէ ախտանիշ չի դրսևորվում: Կարող է սահմանը հատել մեկը, որի մոտ առկա է վիրուս, բայց դա ախտանիշներով չդրսևորվի, ջերմաչափը ցույց կտա մարմնի նորմալ ջերմաստիճան, բայց անձը կլինի վիրուսակիր և այդ ընթացքում կվարակի նաև բոլորն նրանց, որոնց հետ մոտ շփման մեջ կլինի: Ջերմաչափի արդյունավետությունը հավասար է 0-ի»,-պարզաբանեց համաճարակաբանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստան վիրուսի մուտքը բացառելու ուղղությամբ մինչ օրս պատկան մարմինների նախաձեռնած գործողությունները, Զաքարյանը պատասխանեց, թե ենթադրում է, որ Առողջապահության նախարարությունն ունի մշակած ինչ-որ ռազմավարություն, բայց քանի որ ինքը չի մասնակցել այդ քննարկումներին, որևէ ներքին ինֆորմացիա չունի, թե որքանով է այդ ռազմավարությունն արդյունավետ:

«Ընդհանրապես, ի՞նչ ռազմավարություն կա այն դեպքում, եթե ախտորոշվի մի վիրուսակիր. դա ինձ համար անհայտ է: Ավելին՝ ես մտահոգություններ ունեմ, որ մենք տեխնիկապես նույնիսկ շատ պատրաստ չենք նման համաճարակային իրավիճակներին: Տեխնիկապես ասելով՝ նկատի ունեմ հիվանդանոցների՝ սարքավորումներով ապահովվածությունը, մեկուսարանների առկայությունը, ինչպես նաև՝ մասնագետների ապահովվածությունը»,-ասաց համաճարակաբանը:

Դիտարկմանը, թե փակվել է Հայաստան-Իրան սահմանը, բայց, օրինակ, Հայաստան-Չինաստան սահմանը շարունակում է բաց մնալ, իսկ Չինաստանը վարակի փոխանցման հիմնական երկիրն է, Զաքարյանն արձագանքեց.

«Հավանաբար, Կառավարության կողմից ինչ-որ հաշվարկներ կան արված, որ փակվում է հենց այս սահմանը: Բայց եթե կան այլ երկրներ, որտեղ վիրուսը կա, և այդ երկրների հետ կա շատ ինտենսիվ ուղևորափոխադրողում, բնականաբար էլի ռիսկեր ու վտանգներ կան, որ այդ երկրներից Հայաստան կարող են ժամանել վիրուսակիրներ: Հետևաբար՝ ռիսկը մնում է, դա լինի Չինաստանի, Իտալիայի, թե այլ երկրի դեպքում»:

Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանը երկու շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում