Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Անցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին գումարներ, միշտ չէ, որ խոստացված գումարները կարողանում էինք հավաքել, ֆինանսական խնդիր միշտ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի՞, կա՞ն մեծահարուստներն են, որոնք նախկինում ֆինանսավորել են, իսկ այժմ ներկայիս իշխանությունների հորդորով այլևս չեն ֆինանսավորում:
«Օրինակ՝ տարբեր ժամանակներում եղել են դրամական խոստումներ, հաջողել ենք Հայաստանից կամ այլ վայրերից խոստացած գումարների կեսը կամ 60 տոկոսը գոյացնել: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց եթե ավելի շատ գումար լինի, ավելի շատ աշխատանք կարող ենք անել»,- ասաց նա:
Կիրո Մանոյանի խոսքով՝ երբ հրապարակեն հանգանակության ցուցակը, պարզ կդառնա, որ գումար խոստացածների քանակը Հայաստանից նախորդ անգամվա համեմատ պակասել է: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, նա ասաց, որ դա հատուկ որևէ բանի հետ չեն կապում, բայց փաստն այն է, որ մարդիկ կային, գալիս էին, խոստանում էին, հիմա չեն գալիս ու չեն խոստանում:
Դիտարկմանը՝ գուցե իրենց աշխատանքից են դժգոհ, Մանոյանն ասաց. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»:
Անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին և վարչապետի հասցեին արված քննադատություններին, բանախոսն ասաց, որ չի կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ ասում են՝ սա ասաց, սա չասաց: «Դա բանակցություն չէ, դա ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է. թե բանավեճն ինչ տվեց, դա ուրիշ հարց է: Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում: Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,– ընդգծեց նա:
Նա նշեց, որ ԱԳ նախարարը Բրատիսլավայում Հայաստանի կողմից որոշ գծերն էր հստակեցրել, ինչը մեղացվեց վարչապետի կողմից: «Փաստն այն է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրա միջազգային ճանաչումն ապահովել: Այսինքն, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ուզում տալ, թող տա, բայց մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը երեք անգամ իր կամքը արտահայտել է և Ադրբեջանի մաս չկազմելն է այդ կամքը, ի վերջո՝ Հայաստանին միանալը: Լավ է, որ վարչապետը նշեց՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել, այդպես էլ Արցախը, բայց դա մեզ ամբողջությամբ չի բավարարում»,- ասաց նա և ընդգծեց՝ պետք է Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում