Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան

Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԿորոնավիրուսի մասով բնակչության շրջանում խուճապն ավելին է, քան պետք է լիներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Այս պահին որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ: Որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, դա հասկանում եմ, բայց խուճապը շատ ավելին է, քան պետք է լինի», – ասաց նա:

Հարցին՝ կա՞ն ռիսկեր, Զեյնալյանը պատասխանեց, որ ռիսկեր միշտ կարող են լինել, բայց այս պահին արվում է առավելագույնը:

Որպես օրինակ՝ Զեյլանյանը նշեց երկու շաբաթով Իրանի հետ սահմանը փակելու մասին որոշումը:

«Ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում: Եթե անհրաժեշտություն եղավ սահմանը փակ կմնա, եթե ոչ՝ կբացվի», – ասաց նա:

Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ սահմանը փակ չէ առևտրականների համար ու նրանք անարգել ել ու մուտ են անում՝ Զեյնալյանն արձագանքեց՝ ինքը ևս նման զանգեր ստացել է, բայց պարզվել է, որ իրականում խոսքը բեռնափոխադրում իրականացնող վարորդների մասին է, ովքեր պարտադիր բուժզննում են անցնում:

Անդրադառնալով դեղատներում դիմակների բացակայությանը՝ Զեյնալյանն ասաց, որ դա անհիմն խուճապի հետևանքով է, քանի որ մարդիկ փորձում են պահեստավորել հնարավորինս շատ դիմակներ.

«Դա բացարձակ անիմաստ է, դիմակը վարակվելուց 100 տոկոս զերծ չի պահում», – ընդգծեց պատգամավորն՝ ավելացնելով.

«Հիմա քննարկվում են բոլոր հնարավոր դեպքերը։ Նույնիսկ, եթե Հայաստանում հայտնաբերվի վարակակիր, կա սխեմա՝ ինչպես, որտեղ է մեկուսացվելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում