Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված

Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am«Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիան կենտրոնը» հասարակական կազմակերպությունից հայտարարում են, որ Հայ առաքելական եկեղեցին շատ «ավելի կոռումպացված է», քան նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ: «Թրանսփարենսին» նման եզրակացության է եկել իր հարցումների արդյունքում: Թեև հետազոտությունը դեռ ամբողջապես չի հրապարակվել, կարելի է մի քանի դիտարկում անել վերոնշյալ սկանդալային հայտարարության վերաբերյալ:

Նախ, եկե՛ք հասկանանք, թե ինչ է նշանակում կոռուպցիա: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ այն ներկայացված է այսպես. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է»: Այսինքն, կոռուպցիայի մասին կարելի է խոսել միայն ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահման համատեքստում:

Եկեղեցու կամ հոգեւորականների գործունեությունը որեւէ կերպ չի կարող կոռուպցիոն դրսևորումներ ունենալ, քանի որ եկեղեցին հանրային իշխանության մաս չէ: Այն կարող է լինել ոչ թափանցիկ, բայց ոչ երբեք կոռուպցիոն: Հայ առաքելական եկեղեցին ՀՀ-ում գործող մյուս կրոնական կազմակերպությունների նման գործում է «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի շրջանակում և թափանցիկ է այնքանով, որքանով պահանջում են օրենսդրությունը և իր հետևորդները: Թափանցիկության որևէ չափանիշ, որը կիրառելի է պետական կառույցի նկատմամբ, կրոնական կառույցների պարագայում կիրառական չէ: Հետաքրքիր զուգադիպությամբ հետազոտության մեջ որպես կոռուպցիոն կառույցներ ներառված են նաև ԶԼՄ-ները, որոնք ևս պետական իշխանության կրող չեն և գործում են հիմնականում մասնավոր ֆինանսավորմամբ:

Տարօրինակ է, որ հակակոռուպցիան քաղաքականությամբ զբաղվող այս կազմակերպությունը իր հարցումները իրականացնելիս դուրս է եկել կոռուպցիայի սահմանման վերաբերյալ ներպետական օրենսդրության սահմաններից: Յուրաքանչյուր ոչ թափանցիկ գումար կոռուպցիոն չէ: Օրինակ, թե ինչի վրա են ծախսվում յուրաքանչյուրիս ընտանիքում առկա գումարները, թափանցիկ չէ և հասանելի չէ հանրությանը, բայց դա դեռևս չի նշանակում, որ գործ ունենք կոռուպցիայի հետ: Հետևաբար ի՞նչ մեթոդաբանությամբ է ոչ թափանցիկությունը դառնում կոռուպցիոն, ինչպե՞ս կարող է կրոնական կազմակերպության անունը հայտնվել կոռուպցիայի ընկալման մասին հարցումներում, և ի՞նչ նպատակ է այս ամենը հետապնդում:

Թերևս, այս հարցերը պետք է ուղղել հետազոտությունը իրականացնողներին: Սակայն հաշվի առնելով, որ հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, իսկ Թրանսփարենսիի հիմնական դոնորը Բաց հասարակությունների հիմնադրամն է՝ կարելի է ենթադրել, որ գործ ունենք քաղաքական նպատակներով համապատասխան հանրային տրամադրությունների ձևավորման «հետազոտական» գործիքակազմի հետ:

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում