Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն

Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՓետրվարի 24-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ազատվեց պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար։

Կարեն Աբրահամյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018թ․-ին՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Այդ ժամանակ մամուլում խոսվում էր այն մասին, որ Մնացականյանի հրաժարականը քաղաքական պատճառներ ունի և կապված է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած անուղղակի լարված հարաբերություններով։ Փաստորեն, դեռ երկու տարի չի անցել, ինչ պաշտպանության բանակի հրամանատարը նորից փոխվում է։

Խնդրահարույցն այն է, որ մեծ վաստակ և անցած ճանապարհ ունեցած գեներալները ուղարկվում են թոշակի, մինչդեռ կարող էին շարունակել ծառայել երկրի պաշտպանության գործին։ Կարեն Աբրահամյանի հեռացումը, ըստ էության, ցուցադրական իմաստ ունի: Բանակում ինքնասպանությունների աճը անմիջական պայմանավորված չէ բանակի հրամանատարով։ Այստեղ կա թե՛ միջին, թե՛ ստորին օղակների պատասխանատվությունը։ Սակայն արդյունքում բանակից հեռանում են վաստակավոր զինվորականներ։ Այստեղից հարց է առաջանում․ արդյո՞ք մենք այդքան մարդկային ռեսուրս ունենք, որպեսզի նման կերպ վարվենք նրանց հետ։

Հայաստանը փոքր երկիր է: Մեր կադրային ռեսուրսները գրեթե բոլոր ոլորտներում խիստ սամանափակ են: Սա վերաբերում է նաև բանակին: Մեկ տարվա ընթացքում տարատեսական պատճառներով բանակից հեռացել են գեներալներ Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, հիմա էլ Կարեն Աբրահամյանը: Արդյո՞ք այս իմպուլսիվ որոշումները շռայլություն չեն մեզ նման պետության համար: Այս հարցի պատասխանը, իհարկե, ժամանակը ցույց կտա: Բայց եթե քաղաքական կամ իրավական ոլորտներում սխալները հիմնականում շտկվող են, ապա բանակում թույլ տված սխալները լինելու են անդառնալի:

Կարեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում