Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՍիրելի հայրենակիցներ, ընկերներ, աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով, եկել եք պաշտպանելու արդարադատությունը, այսօր դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Իրոք, հաշվի առնելով եղանակային պայմանները, և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն ասաց, թե աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր», – հայտարարեց Սերժ Սարգսյանը և գնաց մասնակցելու դատական առաջին նիստին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում