Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին

Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 26-ից Արցախում կմեկնարկի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մասնակիցների քանակը աննախադեպ է, մրցակցայնությունը՝ նույնպես: Սակայն նախորդ ամիսները ցույց տվեցին, որ այդ մրցակցությունը կարող է բացասական միտումներ ունենալ: Ստորև անդրադառնանք այդ միտումներին:

Հասարակական և քաղաքական շրջանակներ, տարբեր փորձագետներ հաճախ խոսում են Արցախում «հների և նորերի» միջև բաժանման մասին: Անկասկած, այս դիսկուրսը հայաստանյան ներքաղաքական կյանքի ազդեցությունից է ծնվել: Ընդ որում, այս բաժանումը հիմնականում արվում է ֆավորիտ թեկնածուների մասին խոսելիս: Սակայն բավական է միայն ուշադիր նայել այդ թեկնածուների կենսագրությանը և պարզ կդառնա, որ նրանք ոչ միայն ժամանակին այս կամ այն կերպ եղել են իշխանական թիմի կազմում, այլև զբաղեցրել են բարձր պաշտոններ: Սա ունի օբյեկտիվ պատճառներ: Արցախը իր չափսերով և մարտահրավերներով միշտ կարիք է ունեցել ներքին միասնականության պահպանման: Սա չգրված օրենք է եղել, որը հիմնականում ընդունել են բոլորը: Անգամ նախագահական ընտրություններից հետո, ի տարբերություն Հայաստանի, այստեղ ներքաղաքական ցնցումներ չեն եղել: Պարտված թեկնածուները ընդունել են դիմացինի հաղթանակը և չեն փորձել ավելի սրել իրավիճակը: Բացի այդ, գործող իշխանություններին հիմնականում հաջողվել է իր շուրջը ձևավորել կոնսենսուս, որում և ներգրավված են եղել այսօրվա թեկնածուներից շատերը: Այս կոնսենսուսը նպաստել է ներքին կայունությանը:

2018թ-ի հայաստանյան իշխանափոխությունը, կարծես, խարխլում է վերոնշյալ չգրված օրենքները: Նախկինում միևնույն թիմի անդամ գործիչները մեղադրում են միմյանց «հին» լինելու մեջ: Իրականում, այս բաժանումը արհեստական է: Թեկնածուները պարզապես ցանկանում են որոշակի դիվիդենտներ շահել՝ իրենց դասելով «նորերի» շարքին, իսկ մրցակիցներին՝ «հների»: Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ հենց այդ նույն գործիչները ժամանակին իրար կողք են կանգնել՝ հավատարիմ մնալով միասնականության հրամայականին:

Եթե մենք գործ ունենայինք անվտանգային սպառնալիքեր չունեցող պետության հետ, սա կդիտարկվեր որպես քաղաքական պայքարի մի մաս: Սակայն Արցախը ունի անվտագության խնդիր, որը քաղաքական պայքարի նման դրսևորումներին այլ իմաստ է տալիս: Այսպիսի բաժանումը առաջին հերթին ազդում է հասարակական մթնոլորտի վրա և մեծացնում բևեռվածությունը: Ստացվում է, որ ընտրությունները ծառայում են ոչ թե իշխանությունների խաղաղ փոփոխման նպատակին, այլ ստեղծում են հավելյալ և ավելի անհանստացող վիճակ: Երբ բևեռացումը մեծանում է, հակառակորդները դառնում են թշնամիներ, իսկ ընտրությունները՝ կյանքի և մահվան պայքար: Թեկնածուները «նշանակում են» թշնամիներին և սկսում պայքարել նրանց դեմ: Փորձը ցույց է տալիս, որ նման վարքը պարարտ հող է նախապատրաստում ներքաղաքական անկայունությունների համար, ինչը Արցախին հակացուցված է:

Մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի միջամտությունը այս ընտրություններում: Ինչպես արդեն ասվեց հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի որոշ տարրեր արդեն առկա են Արցախում: Սակայն պակաս կարևոր հարց չէ նաև Հայաստանի իշխանությունների ազդեցությունը ընտրությունների վրա: Նախկինում մամուլը բազմիցս անդրադաձել է, թե որ թեկնածուներն են այս կամ այն կերպ վայելում վարչապետ Փաշինյանի համակրանքը: Վերջինս, ի պատասխան այս խոսակցությունների, պնդել է, որ նա չի աջակցում որևէ թեկնածուի: Սակայն հավելել է, որ Արցախի ժողովուրդը չպետք է ձայնը տա այն թեկնածուներին, որոնք «թշնամական» են տրամադրված ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Հարցին նայենք ավելի լայն համատեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային դրույթներից եղել է Արցախի՝ որպես ինքնորոշված և առանձին պետական միավորի ներկայացումը աշխարհին: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հակամարտության բանակցային գործընթացում մեծ կարևորություն է տալիս Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն: Տրամաբանական կլիներ, եթե այս նպատակը նաև իր առարկայական դրսևորումը ունենար: Պետք է աշխարհին ցույց տալ, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումը ինքին արժեք է: Կարևոր չէ՝ նրանք ում կընտրեն: Եթե ի սկզբանե մենք կասկածում ենք, որ այդ ընտրությունը կարող է անցանկալի լինել, ապա ինչպե՞ս ենք բոլորին ասում, որ արցախցիների կամքն է, որ պետք է առաջնային լինի հակամարտության կարգավորման մեջ: Փոխարենը, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կամա, թե ակամա փորձում են միջամտել Արցախի ինքնուրույնությանը: Ըստ այդմ, պետք է զգույշ լինել այս հարցում, քանի որ այն կարող է մեր դեմ օգտագործվել արտաքին դաշտում: Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը չպետք է սահմանափակվի, քանի որ սա ոչ միայն ժողովրդավարությանը ձգտող երկրի համար կարևոր անկյունաքար է, այլև Արցախը աշխարհին որպես ինքնուրույն սուբյեկտ ներկայացնելու կարևոր հրամայական:

Այսպիսով, Արցախում «հների և նորերի» բաժանումը և Հայսատանի իշխանությունների հնարավոր ազդեցությունը բացասական հետևանքներ կարող են ունենալ: Մինչդեռ հարկավոր է չմոռանալ, որ ընտրությունները պետք է ծառայեն իշխանությունների խաղաղ փոփոխմանը, այլ ոչ թե բևեռացնեն հասարակությունը և վնասեն Արցախի միջազգային իմիջին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում