«Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

«Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11-ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մա­սին և հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբա­ցատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տա­րիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտա­րարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը:

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հա­յաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճա­նապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով, այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակե­լու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ:

Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին և հեռացվել խմբակցությունից: Ավելին՝ տե­ղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը և անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ:

Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավո­րություն է»: Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ և որ իր համար անակնկալ են: «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլև դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»: Պատգամավո­րին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից: Նա բացականչեց. «Ինչպես թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քա­ղաքական կուրս իրականացնելու համար»:

Փաստորեն, չէիք կարո­ղանում ԲՀԿ-ի հետ, չէր ստացվում, հարցրինք նրան: «ԲՀԿ-ի հետ, ինչ­պես նշեցի, անցել ենք շատ դժվա­րին, շատ փշոտ, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացի­ներ, և շատ բան հաջողվել է անել»: Եվ, Ուրիխանյանի խոսքով առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր: Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին» գործերին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում