Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԵրևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի՝ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց , որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից մեղադրող Մարտիրոսյանին հայտնած բացարկը մերժվում է: Նա դատարանի որոշման մասին հրապարակեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:

Դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 26-ին` ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում նախօրեին մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Ս. Սարգսյանի պաշտպանը բացարկ էր հայտնել դատախազին:

Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում