Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է, որովհետև ադրբեջանական կողմն զգացել է Մյունխենում մեր վարչապետի փաստարկային բազայի թուլությունը: Այս մասին «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկմանը հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ադրբեջանում նաև հետևում են՝ ինչ է կատարվում Հայաստանի քարոզչական դաշտում՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ, և տեսնում են, որ մարդիկ, որոնք տարիներով քարոզչական քաղաքականություն են մշակել և հաջողությամբ տարել, այժմ դուրս են մղվել ասպարեզից, և գործը կատարում են կա՛մ ավելի երիտասարդ, կա՛մ գործով զբաղվել չցանկանցող անձինք»,- ասաց նա՝ հավելելով նաև, թե այն հիմնական հայկական կառույցը, որ համակարգում էր քարոզչական գործունեությունը, համագործակցում էր այլ ուժային կառույցների հետ, ինչն այժմ չկա:

Քոչարյանի խոսքով՝ 1994 թ.-ից սկսած Ադրբեջանը ռևանշիզմի քաղաքականություն է տանում և ամեն կերպ փորձում է պատերազմի ժամանակ կորցրածը հետ բերել՝ հիմնականում փորձելով Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր և դրա վրա հիմնվելով՝ Հայաստանի վրա շարունակական ճնշում բանեցնել բանակցային գործընթացում:

«Եթե այսպիսի տեղեկատվական հարվածներին ժամանակին պատասխան չտրվի, հակահարվածներ չլինեն, նախաձեռնողական քաղաքականություն չլինի, ապա և՛ միջազգային հասարակությունը, որի համար այդ քարոզչությունը տարվում է, և՛ այն շրջանակը, որը քիչ թե շատ ներգրավված է բանակցային պրոցեսի տեղեկատվական ապահովման մեջ, կհամակրի այն կողմին, որն ավելի համոզիչ կներկայացնի իր կողմի ճշմարտությունը»,- ասաց մեդիափորձագետը՝ նշելով, թե օր առաջ պետք է դիմակայել բոլոր սադրանքներին, որոնց դիմում է Ադրբեջանը:

Քոչարյանը նշեց նաև, թե 2018թ.-ին եղած հեղափոխությունը Հայաստանի հանդեպ հետաքրքրություն բերեց, եղան բազմաթիվ այցելություններ, և այդ հետաքրքրությունը կարելի էր օգտագործել՝ Հայաստանի դիրքերն ամրացնելու համար, սակայն չօգտագործվեց:

«Եկողներին կարելի էր պատմել Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, հնարավոր վտանգների մասին: Մենք ունեինք արտասահմանյան լրատվամիջոցների շատ մեծ հոսք, կարելի էր նրանց հետ կապ հաստատել, որպեսզի կարողանայինք ապագայում համագործակցել»,- ասաց նա, ապա նշեց, թե ժամանակն է լրջանալ:

«Ցավոք, այն կառույցը, որը զբաղվում էր հակահայկական քարոզչության հարցերով, այժմ զբաղվում է ֆեյքաբուծարանով: Ժամանակն է, որ այն հարյուր միլիոնավոր դրամները, որ ուղղվում են պարգևավճարների, ուղղվեն արտաքին վտանգները չեզոքացնելուն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում