Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան

Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀնարավոր է, որ գործը վաղեմության ժամկետով կարճվի, բայց դեռ խնդիրներ կան, պիտի հասկանամ, արդեն հինգ ամիս է, որ չեմ կարողանում պարզել, թե իմ դեմ ով է ցուցմունք տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն այն մասին, որ ինքը նախորդ շաբաթ հրավիրվել է ՀՔԾ, որտեղ փորձել են պարզել արդյոք համաձայն է, որ վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:

«Էդպես հանդիպել եմ, հարցեր կան, ասացի հարցեր կան, պարզաբանեմ, հարցաքննություն չի եղել, չի էլ կարող լինել, ինչի մասին է խոսքը: Գիտեք, որ գործը վերաբերում է «Մարտի 1»-ի հետ կապված ինչ-որ փաստեր կոծկելուն, որն ընդհանրապես իմ հետ կապ չունի»,- մանրամասնեց նա:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ քրեական գործից իրեն որևէ նյութ չի տրամադրվում: «Տարօրինակ շատ բան կա էս երկրում, ծայրից ծայր տարօրինակ է ամեն ինչ: Ուզում եմ հասկանալ, թե գործն ինչի դեռ չի կարճվում, մի քիչ համբերեք, ինձ թվում է՝ եկող շաբաթ պարզ կլինի: Արդեն բոլոր ժամկետներն անցել են: Պիտի մեղավոր լինեմ, որ մեղադրանքը հասատատեն, պիտի կապ ունենամ մի բանի հետ: Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն: Ես հո գիտեմ ինչ եմ արել, ինչ չեմ արել»,– նկատեց նա:

Հատուկ քննչական ծառայությունը 2019 թ. սեպտեմբերի 25-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում