Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի

Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am«Առաջարկում ենք արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով, նախագծի նպատակն է փայտանյութի՝ որպես հումք, արտահանման սահմանափակումը. «Կառավարության 2000 թվականի որոշմամբ որոշակի սահմանափակում նախկինում եղել է, բայց ուժը կորցրած է ճանաչվել։ Այս կարգավորմամբ կրկին սահմանափակումները մտցնում ենք»։

Նախագիծը վերաբերում է փայտանյութին, վառելափայտին, գերաններին և այն ամենին, ինչը կարող է որպես հումք հանդիսանալ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ նշված սահմանափակումը ժամանակավո՞ր բնույթ է կրում. «Եթե այո, ապա կառավարությունն ամեն անգամ պետք է այս որոշումն ընդունի՞»։

Պատասխանելով հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ եռօրյա ժամկետում պետք է կարգավորումն ուղարկվի ԵԱՏՄ, և եթե այն չընդունվի, այդ դեպքում առնվազն 6 ամսով գործելու է։

«Այս պահին ծավալը մեծ չէ, քանի որ օրենսդրական սողանցքներ կան։ Օրինակ, գերանի անվան տակ կարող ն շինափայտ արտահանել։ Բայց կարգավորումն այն է, որ մենք ուղարկում ենք ԵԱՏՄ հաստատման, եթե դրական արձագանք եղավ, ապա սահմանափակումը կգործի ավելի երկար ժամանակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում