Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին

Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՌուսաստանը շատ զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունների վերաբերյալ հարցին:

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս, և իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, մեր ռազմավարական փոխգործակցությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- նշեց ՌԴ դեսպանը:

Օրերս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված էր և դրան զուգահեռ կրկին ակտիվացել էին խոսակցություններ, որ ՀԱՊԿ-ն որևէ ձևով չի արձագանքել կազմակերպության անդամ պետություն Հայաստանի սահմանային լարվածությանը:

«ՀԱՊԿ-ն որպես անվտանգային կազմակերպություն շատ կարևոր դեր է խաղում, այն երաշխիք է, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով, էսկալացիա չլինի: Ես կասեի, շատ կարևոր անվտանգության բարձիկ է: Իհարկե, ՀԱՊԿ շրջանակում կա նաև հայ-ռուսական երկկողմ փոխգործակցություն: Կարծում եմ՝ այս բոլոր գործոնները բավականին ծանրակշիռ իրողություն են՝ ապահովելու կայունություն և խաղաղություն»,– ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնպիսի բարձր մակարդակում են, որպիսին չեն եղել երբևէ, Սերգեյ Կոպիրկինը նշեց. «Հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց ավանդական բնույթը. դրանք մշտապես՝ տարիների, դարերի ընթացքում եղել են յուրահատուկ, դրանք հարաբերություններ են եղբայրական երկրների, եղբայրական ժողովուրդների, որոնց շատ բան է միավորում մշակութային, պատմական, անվտանգային առումներով»,– ասաց նա:

Ըստ դեսպանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են քաղաքական երկխոսության ինտենսիվությունը, տնտեսական, անվտանգային համագործակցության զարգացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում